Հինգշաբթի՝ 2014 թւականի հոկտեմբերի 2-ին, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներից եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած հայ զինւորների ընտանիքների անդամներից բաղկացած պատւիրակութիւնը, Սպահանի թնդանօթային զօրանոցի հրամանատարութեան գրասենեակում հանդիպում ունեցաւ Սպահան, Եազդ եւ Չհարմահալ նահանգների բանակի ընդհանուր հրամանատար Ռեզա Ջեհադիի եւ զինւորական բարձրաստիճան հրամանատարների հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք շնորհաւորանքներ փոխանցւեցին Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ:

Բանակի հրամանատար՝ Ռեզա Ջեհադին, շնորհակալութիւն եւ ուրախութիւն յայտնելով պատւիրակութեան եւ յատկապէս նահատակների ընտանիքների անդամների այցի կապակցութեամբ, հպարտութեամբ յիշեց հայութեան զոհողութիւններն ու սխրագործութիւնները՝ երկրի ամբողջականութեան, գերիշխանութեան եւ հզօրութեան պահպանման գործում, որի համար յատուկ շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեց նահատակների հարազատներին:

Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր խօսքերի մէջ ուժ ու կորով մաղթելով բոլոր բանակայիններին, կարեւորութեամբ մատնանշեց այն իրողութեանը, որ երկրի ու բանակի ղեկավարութեան խոհուն ու շրջահայեաց քաղաքականութեան շնորհիւ, հակառակ տարածաշրջանում տիրող պատերազմական եւ անբարենպաստ պայմանների, Իրանի իսլամական հանարպետութիւնը մնում է խաղաղ ու կայուն վիճակի մէջ: Թեմակալ առաջնորդը դատապարտեց անմարդկային բոլոր այն արարքները, որոնք իրագործւում են Միջին Արեւելքում՝ ահաբեկչական խմբերի միջոցով: Նա դրանք միաստւածեան կրօնների սկզբունքներին դէմ յայտարարելով՝ անընդունելի համարեց կրօնի անւամբ կատարւող որեւէ հակամարդկային եւ խտրականութիւն ու ոխակալութիւն սերմանող բռնութիւն ու գործողութիւն: Գերշ. Սրբազան Հայրը յիշեցրեց, որ հայ ազգն իբրեւ նահատակութեան ճանապարհն անցած ժողովուրդ, լաւապէս ծանօթ է դրա հոգեբանութեանն ու ծանրութեանը: Նա աւելացրեց, որ շուտով տեղի են ունենալու Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման ծրագրերը, որոնք լաւագոյն առիթն են դատապարտելու եւ նման ոճրագործութիւնների շարունակութեան արգելքը հանդիսանալու ուղղութեամբ ծրագրեր իրականացնելու:

Այնուհետեւ նահատակների հարազատները ծանօթացնելով իրենց, մանրամասնութիւններ փոխանցեցին նահատակների նահատակութեան վայրի, թւականի եւ այլնի վերաբերեալ: Հրամանատարը կարգադրեց, իբրեւ երախտիքի նշան, բանակի կողմից պարգեւատրել նահատակների ընտանիքներին:

Հիւրասիրւելուց յետոյ, ծաղկեփնջերի եւ յուշանւէրների փոխանակումով աւարտւեց հանդիպումը: