Սեպտեմբերի 6-ին, Ջաւախքի Նինոծմինդա քաղաքում մեծ շուքով տեղի ունեցաւ երիտասարդական կրթամշակութային կենտրոնի բացման հանդիսութիւնը, որն իր տեսակում երրորդ կենտրոնն է Ջաւախքում: Բացման արարողութեանը հրաւիրւել եւ ներկայ էին քաղաքական, հասարակական, մշակութային եւ հոգեւոր դասից հիւրեր Ջաւախքից, Հայաստանից, սփիւռքից եւ Վրաստանի տարբեր շրջաններից: Հրաւիրեալների շարքում էին նաեւ Նոր Ջուղայի՝ Հայ Դատի յանձնախմբի Ջաւախքին նւիրւած միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի նախագահ Անդրուհի Ջաւահիրեանն ու Հայուհեաց Բարեգործական ընկերութեան ներկայացուցիչ Լորիկ Բաղդասարեանը:

Երիտասարդական կրթամշակութային կենտրոնները 2006-2007 թւականներից գործում են Ջաւախքում՝ նպատակ ունենալով հայ երիտասարդներին համախմբելն ու մայրենի լեզւի անաղարտ պահպանումը եւ քանի որ այս անգամ նմանատիպ կենտրոնի գոյութեան կարիքն զգացւում էր նաեւ Նինոծմինդա քաղաքում, ԱՄՆ արեւմտեան ափի եւ Ֆրանսիայի “Ջաւախք” յանձնախմբերի նւիրատւութեամբ գնւեց եւ վերանորոգւեց երկյարկանի շինութիւն՝ այն երիտասարդական կենտրոնի վերածելու նպատակով, իսկ շէնքի կահաւորումն իրականացւեց Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի Ջաւախքին նւիրւած միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի եւ Ա. Մ. Էմիրութիւնների “Ջաւախք” յանձնախմբի միջոցով: 

Յատկանշական է, որ 2008 թւականից Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ ջաւախքահայութեանն օժանդակելու համար՝ ստեղծւել է հիմնադրամ, որտեղ են փոխանցւում տեղի ազգային իշախնութեան, միութիւնների եւ ժողովրդի նւիրատւութիւնները: Սոյն հիմնադրամի շնորհիւ 2010 թւականին վերանորոգւել է Ախալցխայի երիտասարդական կենտրոնի մի բաժինը, իսկ այս տարի՝ Նինոծմինդա քաղաքի եիրտասարդական կենտրոնի կահաւորումը: Նշենք նաեւ, թէ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը նոյնպէս իր ամենամեայ կարգով կազմակերպւող դաշտահանդէսի հասոյթը յատկացնում է նշւած հիմնադրամին:

Երիտասարդական կենտրոնի բացման արարողութիւնն սկիզբ առաւ ժապաւէնի հատմամբ՝ ձեռամբ Ջաւախքի ծրագրերի օժանդակութեան յանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսեանի եւ Ֆրանսիայի Արֆորւիլ քաղաքի քաղաքապետ Լիւք Կարբոնասի: Այնուհետեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպս. Միրզախանեանն ընկերակցութեամբ թեմի քահանայ հայրերի, օրհնութեան կարգ կատարեց նորաստեղծ կենտրոնում:

Օրհնութեան արարողութիւնից յետոյ հիւրերը հանդէս եկան խօսքերով ու իրենց նւէերները նւիրաբերեցին առիթի կապակցութեամբ:

Ծրագրի երկրորդ բաժնում Ախալցխայի եւ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնների սաների կատարմամբ իրականացւեց գեղարւեսատական յայտագրով ծրագիր՝ յագեցած ասմունքներով, պարային կատարումներով ու երգերով: