Կիրակի՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, հանդիսաւորութեամբ նշւեց Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներից՝ Ս. կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնը: Սուրբ եւ անմահ Պատարագներ տեղի ունեցան Նոր Ջուղայի երեք եկեղեցիներում:  Ս. Ստեփանոս եկեղեցում, որտեղ երգեցողութիւնը խմբավար Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ կատարում էր Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» երգչախումբը, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը: Իսկ Ս. Մինաս եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց եւ հաւատացեալ ներկաներին իր պատգամը փոխանցեց արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը պատարագեց Ս. Աստւածածին եկեղեցում։ Ս. կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնը նաեւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնն էր։ Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւող Ս. Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի բարեջան առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ խմբավար Արմէն Ամիրխանեանի:

Յընթացս Ս. Պատարագի Առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական պատգամն ուղղեց ժողովրդին, ընդ որում հակիրճ կերպով անդրադառնալով Աստւածամայր Ս. Կոյս Մարիամի կեանքին ու կենցաղին, որպէս մայրութեան տիպար, ընդգծեց նրա նկատմամբ հայ ժողովրդի տածած սէրն ու յարգանքը եւ յորդորեց բոլոր հաւատացեալներին՝ իրենց կեանքի ամբողջ ընթացքում հաւատով եւ յոյսով դիմեն Ս. Տիրամօրը՝ վստահ լինելով, որ նա բարեխօս եւ միջնորդ է իր Միածին Որդու եւ մարդկութեան միջեւ: Գերշ. Սրբազան Հայրն իր պատգամի մէջ նաեւ շնորհաւորելով Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ, շեշտեց, որ հայ հաւատացեալը դարեր շարունակ իր եկեղեցիներում ի մի գալով եւ աղօթելով՝ առաւել ամրապնդել եւ զօրացրել է իր քրիստոնէական հաւատն ու նւիրումը, որով իր կեանքը դարձրել է առաւել լեցուն: Առաջնորդ Սրբազան Հայրը խօսելով Խաղողօրհնէքի աւանդական արարողութեան մասին՝ ասաց, որ խաղողը, իբրեւ պտուղների ազնւագոյնը, որի հիւթից ստացւում է գինին, եւ որը եկեղեցում, Ս. Պատարագի ընթացքում գոյափոխւում է Քրիստոսի Ս. Արեան, իբրեւ երախտիք եւ նւէր ընծայւում է եկեղեցուն, եւ հաւատում ենք, որ այն օրհնելով նաեւ առատութիւն է լինելու Աստծու բոլոր բարիքների վրայ:

Սուրբ եւ անմահ Պատարագին յաջորդեց աւանդական Խաղողօրհնէքի արարողութիւնը: Բարեպաշտ ժողովրդի միոջոցով եկեղեցի բերւած խաղողն օրհնւեց թեմակալ Առաջնորդի ձեռամբ, որից յետոյ այն բաժանւեց ներկաներին: