Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան նախաձեռնութեամբ, Հինգշաբթի, թ. յուլիսի 10-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց դպրոցի սրահում ներկայութեամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ Անանիա վրդ. Գուճանեանի, Համայնքային վարչութեան անդամների, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ազգայինների, միութենականների եւ համայնքի մեծ թւով անդամների տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, որի ընթացքում ելոյթներ ունեցան Իրանի իսլամական խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը եւ իրաւաբան պրն. Ռազմիկ Տէր Մկրտչեանը:
Հայ Համայնքի Վարչութեան անունից, բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար՝ Վիոլետ Յարութիւնեանը, որը հրաւիրեց մեծարգոյ պատգամաւորին իր ելոյթը ներկայացնելու: Վերջինս նախ փոխանցեց երկրի պետական շրջանակների եւ պատասխանատու մարմինների դրական մօտեցումը եւ բարեացակամութիւնը կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ՝ ի մասնաւորի հայերի՝ իբրեւ Իրանի արհեստագործութեան, տնտեսութեան, գիտութեան, կրթադաստիարակչութեան եւ մշակութային ոլորտներում առաջատար քաղաքացիներ: Իր բովանդակալից ելոյթի ընթացքում, յարգելի պատգամաւորը ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետութեան Կանոնագրութեան մէջ կրօնական փոքրամասնութիւնների համար սահմանւած կանոնները: Նա յստակօրէն նշեց կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների եւ ինչու չէ նաեւ պարտականութիւնների մասին, շեշտելով դրանք յարգելու եւ գործադրելու անհրաժեշտութիւնը:
Այնուհետեւ բեմ հրաւիրւեց իրաւաբան՝ պրն. Ռազմիկ Տէր Մկրտչեանը, ով օրէնքի լոյսի ներքոյ՝ շահեկան բացատրութիւններ տւեց իրաւաբանական խնդիրների կապակցութեամբ: Նա իր ելոյթում ընդգծեց Օրէնսգրքում, կրօնական փոքրամասնութիւններին տրւած իրաւունքները:
Հանդիպումն աւելի նպատակասլաց դարձնելու նպատակով, յարգարժան դասախօսներն իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին պատասխանելու ներկաների հարցումներին ու յուզող խնդիրներին: Ուստի հնչեցին հարցումներ, որոնք ստացան իրենց արժանի եւ յարմար պատասխանները: Հնչող հարցերին տրամաբանական մօտեցում դրսեւորած զոյգ դասախօսների լուսաբանումներից գոհ մնացին ներկաները:
Հանդիպման եզրափակիչ խօսքը հանդիսացաւ հոգշ. Հայր Սուրբի հայրական պատգամը, որը վկայակոչելով  Սբ. գրքում խոնարհ եւ առաքինի մարդու նկարագիրը՝ բարձր գնահատեց օրէնքը յարգող եւ նրա հանդէպ իր պարտականութիւնները կատարող հայորդիներին: Նա յոյս յայտնելով, որ իրանահայերը ինչպէս միշտ բարձր պահելով հայի բարի համբաւը կը վայելեն պետական այրերի եւ շրջանակների յարգանքն ու վստահութիւնը՝ քաջառողջութիւն եւ յաջողութիւն մաղթեց բոլորին:
Այդ երեկոյ նաեւ, առիթ ընձեռւեց համայնքի անդամներին, որ աւելի մտերմիկ մթնոլորտում դիմեն յարգելի պատգամաւորին եւ ուղղուրդւեն իրենց յուզող հարցերի վերաբերեալ:

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան թղթակից՝
Վ. Յարութիւնեան