Ս. Գէորգ զօրավարի եւ Նոր Ջուղայի «Ս. Գէորգ» եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան նշւած եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:

Ուրբաթ՝ սեպտեմբերի 29-ի առաւօտեան իրականացւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան՝ Հսկման արարողութիւնները:

Այնուհետեւ շաբաթ՝ սեպտեմբերի 30-ի առաւօտեան, եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր: Պատարագին մասնակցում էր թեմի եկեղեցական դասը. երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Տօնի առթիւ քարոզեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա անդրադառնալով Սուրբ Գէորգ զօրավարի կենսագրութեանը՝ ի մասնաւորի նշելով նրա տարած չարչարանքները հաւատի ճանապարհին, աւելացրեց, թէ Սուրբը  պատգամում է բոլորին, որ հաւատարմութեամբ ծառայել Աստծուն, ազգին եւ հայրենիքին: Քարոզիչ Հայրը յորդորեց. «Տօնը պատեհ առիթ դարձնելով՝ ազգովի դառնանք առ Աստւած, զղջանք մեր մեղքերի համար եւ վերականգնենք մեր քրիստոնէական բարոյականութիւնը, որպէսզի նախ փրկենք մեր անձերը, ապա ազգն ու հայրենիքը՝ ստանալով Աստծոյ օրհնութիւնն ու բարիքները»:

Յաւարտ Սուրբ Պատարագի իրականացւեցին Ջրօրհնէքի եւ մատաղօրհնէքի արարողութիւնները. նախորդ օրւանից Հարիսայի յանձնախմբի ջանքերի շնորհիւ պատրաստւած հարիսան օրհնւելուց յետոյ բաժանւեց ներկայ ժողովրդին:

Վերջում Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքերն ուղղեց արարողութիւնների կազմակերպման գործում դերակատար բոլոր ազգային մարմիններին՝ ի մասնաւորի Կրօնական խորհրդին եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեանը,  եկեղեցական դասին, երգեցիկ խմբին, Հարիսայի պատրաստման յանձնախմբին եւ անհատ հաւատացեալներին, ապա շնորհաւորեց բոլորին զոյգ տօների առիթով:  

Թղթակից (Նոր Ջուղա)