Չորեքշաբթի՝ օգոստոսի 30-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննէս Կարապետ» եկեղեցու սրբազան կամարների ներքոյ, իրականացւեց հոգեւոր ձեռնարկ, ապա եկեղեցու շրջափակում կայացաւ հանդիսութիւն, որոնցով եզրափակւեց Հայ եկեղեցասէր կանանց  հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի հիմնադրման եւ գործունէութեան 20-ամեակին նւիրւած յոբելենական ձեռնարկների շարանը:

Ձեռնարկին հրաւիրւած եւ ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, եկեղեցական դասը, ազգային մարմինների, դպրոցների ու միութիւնների եւ Շահինշահրի հոգեւոր լսարանի ներկայացուցիչներն ու պատասխանատուն, ինչպէս նաեւ  յոբելեար լսարանի եւ երգչախմբի  պատասխանատուներն ու անձնակազմը:

Ներկաներին ողջունեց օրւայ հաղորդավարուհի Մառիթա Կարապետեանը, ով համառօտ տեղեկագրով ներկաացրեց լսարանի եւ երգչախմբի զարգացման փուլերն ու ծաւալած աշխատանքները՝ անցնող 20 տարիների ընթացքում:

Բացման խօսքի աւարտին, լսարանի անդամուհի՝ Օլգա Պօղոսեանը, սարկաւագ Ալբերթ Ղազարեանը եւ հաղորդավարուհին, հերթաբար ընթերցեցին «Շնորհակալական աղօթք», «Սաղմոս» եւ Գրիգոր  Նարեկացու «Մատեան ողբերգութիւն» գրքերից հատւածներ:

Յաջորդ բաժնում «Շուշանիկ» երգչախումբը, ղեկավարութեամբ Անուշ Յովհաննիսեանի, հանդէս եկաւ խմբի կատարած երգեցողութիւններից ընտրանիով, կատարելով «Յարեւելից»-ը՝ Անթիլիասում երգւող տարբերակը, «Յարեւելից»-ը (Յորդորակ)՝ աւանդական տարբերակը Անահիտ Յովսէփեանի մենակատարմամբ, «Լոյս արարիչ լուսոյ»-ը Ռիմա Մարկոսեանի եւ Ժենիկ Քէշիշեանի զուգերգ կատարումով, «Նայեաց սիրով»-ը (Անթիլիասի տարբերակ) եւ «Այսօր ձայնն Հայրական» երգը: Այս բաժնում դաշնամուրի նւագակութեամբ խմբին ընկերակցեցին Անուշ Յովհաննիսեանն ու Վեհանուշ Խուդաբախշեանը:

Նշելի է, որ մինչ երգեցողութեան կատարումը խմբի ղեկավարը ներկայացրեց նշեալ երգերի բացատրականը եւ որոշ երգերի հեղինակ՝ Ներսէս Շնորհալու համառօտ կենսագրականը, իսկ երգերը ընդմիջւում էին խմբի անդամուհի՝ Վեհանուշ Խուդաբախշեանի, ղեկավարի եւ Անահիտ Յովսէփեանի ընթերցած աշխարհաբար տարբերակների միջոցով:

Անուշ Յովհաննիսեանը հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց 400-ամեակը լրացած՝ «Ս. Յովհաննէս Կարապետ» եւ նրա հարեւանութեամբ գտնւող՝ «Ս. Կատարինեան մենաստան» եկեղեցիների մասին:  Նա  իր խօսքն եզրափակեց  Նոր Ջուղայեցի վաստակաւոր ուսուցիչ՝ Յովհաննէս Տէր-Գրիգորեանի «Աստւածաշունչն հայոց» բանաստեղծութեան մի հատւածի ընթերցմամբ:

Ձեռնարկի երկրորդ բաժնում, մինչ եկեղեցու շրջափակում կայանալիք տարեդարձի հանդիսութիւնը, ներկաներն առիթ ունեցան դիտելու զոյգ խմբերի աշխատանքներին առնչւող հրատարակութիւնները, նիւթերը եւ միջոցառումների աւանդական Ակլատիզ եւ Ուտիսմամի սիմվոլ տիկնիկները:

Օրւայ առթիւ ելոյթ ունեցաւ Կանանց հոգեւոր  լսարանի պատասխանատու Տ. Վարդան Քհնյ. Աղաբաբայեանը, նշելով, որ այս երկու խմբերը միջոց են եկեղեցական աշխատանքներին մասնակից լինելու, ընդգծեց՝ եկեղեցուն առնչւող աշխատանքների գծով միաւորւելու կարեւորութիւնը, որպէսզի միասնական ճիգ ու ջանքով յաղթահարել դժւարութիւնները եւ վայելել քաղցր արդիւնքը:

Յաջորդիւ յոբելեարների 20-րդ  տարեդարձի  տորթը կտրելու համար հրաւիրւեցին  գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» երգչախմբի  ղեկավար կազմն ու պատասխանատուները եւ երիցագոյն անդամ Բալաս Ղարիբեանը:

Գեղարւեստական բաժնում բանաստեղծական կտորների կատարումներով հանդէս եկան՝ Մարինէ Մխիթարեանը, Վեհանուշ Խուդաբախշեանը, Ռիթա Մինասեանը, Բալաս  Ղարիբեանը, իսկ սարկաւագ Ալբերթ Ղազարեանը ելոյթ ունեցաւ երգի եւ երգեհոնի կատարումներով:

Ելոյթների շարանում եկեղեցու ժամանակի տիրացու Ջանի Ղազարեանը, գնահատելով կատարած  լայնածաւալ աշխատանքը, շնորհաւորանքի, շնորհակալութեան եւ գնահատանքի խօսքեր ուղղեց լսարանի եւ երգչախմբի հիմնադիրներին, պատասխանատուներին եւ անդամուհիներին:

Կրօնական խորհրդի ատենապետ՝ Զաւէն Սիմոնեանը, խորհրդի անունից շնորհակալական եւ շնորհաւորանքի խօսքերից յետոյ, ողջունեց լսարանի եւ երգչախմբի անձնակազմի 20 տարիների կատարած դժւարին եւ անշահախնդիր աշխատանքը: Նա մանաւանդ գնահատեց երգչախմբին, առ այն, որ կարիքի դէպքում, իրեն վստահւած պարտականութիւններից բացի, իր համագործակցութիւնն է ցուցաբերել արարողութիւների իրականացման գործում:

«Շուշանիկ» երգչախմբի ղեկավարը իր երախտագիտութեան եւ շնորհակալութեան խօսքն ուղղեց անցնող 20-տարիների ընթացքում Սպահանի հայոց թեմի ժամանակի եւ ներկայի թեմակալ Առաջնորդներին, Կրօնական խորհրդի ատենապետներին եւ անձնակազմին ու եկեղեցեաց դասին՝ խմբին հովանաւորելու իմաստով: Նա համոզում յայտնեց, որ այսուհետ եւս աշխատելու ենք իրենց ուժերի ներածին չափով ծառայել Հայոց առաքելական եկեղեցուն:

Երեկոյի յաջորդ բաժնում, Կրօնական խորհուրդը գնահատագրերով եւ Ս. Աստւածաշունչ նւիրելով, պարգեւատրեց՝ Բալաս Ղարիբեանին, Իշխան Թորոսեանին, Անահիտ Յովսէփեանին, Իսկուհի Բունիադեանին, Հռիփսիմէ Բունիադեանին, Ժենիկ Քէշիշեանին, Ռիմա Մարկոսեանին, Ռոզա Շահիջանեանին, Զւարթ Թահմազեանին, Վալենթին Դաւթեանին, Քլար Յարութիւնեանին, Մառիթա Կարապետեանին, Վեհանուշ Խուդաբախշեանին, Արեգա Յարութիւնեանին, Անասիկ Յովսէփեանին, Ալբերթ Սարկ. Ղազարեանին, տիրացու Ջանի Ղազարեանին, Մարինէ Առաքելեանին, Մարինէ Մխիթարեանին, Օդեթ Պարսամեանին, Զարսանէթ Պարսամեանին, Մարիամ Թահմազեանին եւ Աննիկ Սարհադեանին, ովքեր տարիներ շարունակ թէ՛ որպէս անդամ եւ թէ՛ որպէս պատասխանատու՝ մասնակցութիւն են բերել Կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի երգեցողութեան եւ եկեղեցանւէր աշխատանքներին:

Գնահատագրերը եւ պարգեւները յանձնեցին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն եւ Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը:

Երեկոն շարունակւեց էկրանի վրայ լսարանի եւ երգշախմբի անցեալն ու ներկան պատկերող լուսանկարների ցուցադրութեամբ:

Ձեռնարկի աւարտին, որպէս եզրափակիչ խօսք, իր հայրական պատգամը փոխանցեց  գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ով բարձր գնահատելով Կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի 20-ամեայ գործունէութիւնը, ինչպէս նաեւ գեղեցիկ յուշեր արթնացնող երեկոյի կազմակերպումը, կարեւորեց նոր անդամներով զոյգ խմբերի շարքերը համալրելը:  

Նա անդրադառնալով Կանանց հոգեւոր լսարանի անւանը, ասաց. «Լիայոյս եմ Կանանց հոգեւոր լսարանը անւանափոխւելու է Հոգեւոր լսարան անւամբ, քանի որ լսարանի առաքելութիւնը եւ նպատակը ոչ միայն կանանց համար է, այլ բոլոր ժողովրդի համար, որի ուղղութեամբ պէտք է յատուկ ծրագիր եւ աշխատանք մշակել»:

Յատկանշելի է, որ յոբելենական միջոցառումների շարքում, կիրակի՝ օգոստոսի  27-ին, «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագից  յետոյ, տեղի է ունեցել  հոգեհանգստեան արարողութիւն եւ թէյասեղան՝ նշւած խմբերի ննջեցեալ անդամուհիների  հոգու խաղաղութեան համար:

Նշելի է, որ այս ամեակի առիթով յոբելեարները ստացել էին շնորհաւորանքի ուղերձներ՝ լսարանի նախկին պատասխանատու Տ. Վազգէն Քէօշկէրեանից, «Շուշանիկ» երգչախմբի նախկին ղեկավար Թագուշ Բաշիկեանից եւ մի շարքժամանակի անդամուհիներից: 

Թղթակից (Նոր Ջուղա)