Ուրբաթ՝ սեպտեմբերի 1-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցուն կից սրահում իրականացւեց քաղաքի Հայ համայնքի վարչութեան ընտրութիւնը:

Ընտրութիւնների արդիւնքում համայնքի անդամներն իրենց վստահութեան քւէն տւեցին առաջադրւած հինգ թեկնածուներ՝ Անահիտ Այւազեանին, Վալենտինա Թորոսեանին, Գառնիկ Միրզախանեանին, Թէոդիկ Աւանէսեանին եւ Արայիկ Խուդավերդեանին, ովքեր առաջիկայ երկամեայ ժամանակաշրջանի համար կը զբաղւեն համայնքային կեանքին առնչւող գործունէութեամբ:

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ընկերակցութեամբ թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանի եւ Շահինշահրի ծխատէր քահանայ հայր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, նոյն օրը երեկոյեան այցելեց Շահինշահր եւ մօտիկից ականատեսը եղաւ ընթացող ընտրութիւնների: Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն ուղղեց Ընտրական յանձնախմբին՝ ընտրութիւնները պատշաճ ձեւով կազմակերպելու համար, իսկ շնորհակալական խօսք ուղղելով ընտրատարածքում ներկայ պետական պաշտօնատարներին, շեշտեց, որ իրանահայ համայնքը ոչ միայն կատարում է իր քաղաքացիական պարտականութիւնները երկրի նկատմամբ, այլ նաեւ ստանում է իր իրաւունքները շնորհիւ այն ազատութեան, որն ունի Իրանում: Նա նաեւ շնորհակալական խօսք ասաց՝ երկրի առաջնորդին, նախագահին եւ միւս պետական այրերին՝ իրանահայ համայնքի իրաւունքների պահպանման համար:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան 12-րդ շրջանի ընտրութիւնների Ընտրական յանձնախմբի անդամներն էին՝ Վահէ Թահմազեանը (նախագահ), Հելգա Քեշիշեանը, Մելինա Պետրոսեանը, Ռայմոնդ Բաղումեանը եւ Արմիկ Թորոսեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)