Ուրբաթ՝ օգոստոսի 18-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց տաղաւար տօներից չորրորդի՝  Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ, Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի համանուն եկեղեցում: Նոյն օրը նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչ հայրն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը. երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Պատարագի ընթացքում քարոզախօսեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադարձ կատարեց Ս. Կոյս Մարիամի Վերափոխման տօնի հետ կապւած աւետարանական դրւագին, եւ ասաց. «Քրիստոսի խաչելութիւնից 12 տարիներ յետոյ, երբ Սուրբ Կոյսն աւանդում է իր հոգին եւ նրա ցուցմունքի համաձայն առաքեալները դին ամփոփում են Ձիթենեաց լեռան ստորոտում գտնւող Գեթսեմանի պարտէզում, երեք օր Աստւածածնի գերեզմանից լոյս է ճառագայթում եւ լսւում են հրեշտակների քաղցրաձայն փառաբանութեան երգերը եւ երրորդ օրը Քրիստոսը հրեշտակների հետ իջնում է ցած, վերցնում է իր մօր մարմինը եւ փոխադրում է երկինք՝ նրան նստեցնելով իր աջ կողմը»:

Սրբազան Հայրը կարեւորութեամբ ընդգծելով տօնի պատգամը՝ աւելացրեց, որ բոլոր հաւատացեալները պէտք է օրինակ քաղելով Սուրբ Կոյսից, որն ապրեց աստւածապաշտութեամբ, աղօթքով ու բարեգործութեամբ եւ ամենօրեայ կարգով այցելեց Քրիստոսի գերեզմանատուն եւ այլ սրբավայրեր, փորձեն յաճախակիօրէն այցելել եկեղեցի, մասնակցեն Պատարագներին, ստանան հաղորդութիւն եւ վերածւեն Կոյսի փոքր օրինակների:

Յաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի կարգը. օրհնւած խաղողների կապոցները բաժանւեցին ներկաներին:

Արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Խոյգան գիւղի Եկեղեցեաց վարչութեան անդամները եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)