Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէն դեկտեմբերի 5-ին դատական քննութիւն է սկսել Ադրբեջանի կողմից Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռը չկատարելու վերաբերեալ: Այս մասին յայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխխօսնակ Արփինէ Յովհաննիսեանը:

«Նախկինում որեւէ պետութեան վերաբերեալ նախարարների կոմիտէն նման որոշում չի կայացրել: Յիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի յայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովի ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թւականից ե′ւ նախարարների կոմիտէն, ե′ւ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ եւ բանաձեւեր` կոչ անելով ադրբեջանական իշխանութիւններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում է մնալ անազատութեան մէջ»,- ընդգծել է Յովհաննիսեանը:

Նա նշել է, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադէպ ներգործութեան միջոցը կիրառելու վերաբերեալ մտադրութիւնները հնչեցւել են այս աշնանը: «Ադրբեջանը զգուշացւել էր, որ եթէ մինչեւ նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կը սկսւի քննութիւն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նոյնիսկ բազմաթիւ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանութիւնները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը»,- ասել է ԱԺ փոխխօսնակը:

ՄԻԵԴ-ը 2014 թւականի մայիսի 22-ին որոշում էր կայացրել այն մասին, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալութիւնն ու կալանաւորումը արդարացւած չէ: Դատարանը պահանջել էր Ադրբեջանից ոչ միայն ազատ արձակել գործիչն, այլեւ վճարել նրան փոխհատուցում 22 հազար եւրոյի չափով:

Մամեդովը մինչ օրս գտնւում է բանտում: