Իրանի պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքի հարցով հեռախօսազրոյց ենք ունեցել Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ: Տեղեկացնում է alikonline.ir-ը:

Զրոյցի ընթացքում նա դատապարտելով ահաբեկչական արարքը ասել է, որ Իրանի բարձրաստիճան գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի դէմ Իրանի թշնամիների իրականացրած ահաբեկչական ակտը վերստին ապացուցեց, որ Իրանի թշնամիները ինչպիսի ստոր քայլերի են ընդունակ, որպէսզի վերացնեն Իրանի գիտնականներին:

Պատգամաւորը ընդգծել է, որ Իրանի թշնամիներին թւում է թէ՝ այս քայլով հնարաւոր է կասեցնել Իրանի գիտական ընթացքը եւ ի մասնաւորի ատոմական էներգիայի խաղաղասիրական օգտագործումը, սակայն փորձը ապացուցել է, հակառակը, որ նման քայլեր չեն կարող կոտրել Իրանի եւ Իրանի ժողովրդի կամքը, Իրանի ժողովուրդը ճիշտ ուղի է ընտրել եւ հզօրութեամբ շարունակում է իր գիտական ուղին, քանի որ Իրանի ժողովրդի զարգացումն ու բարօրութիւնը գիտութեան ճամբով է անցնում:

Զրոյցի ընթացքում պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններին նշել է, որ ահաւասիկ Թրամփի վարչակազմի վերջին ամիսներն են եւ նրանք փորձում են նոր սադրանքներով Իրանին պարտադրել կոյր ռէակցիայի՝ տարածաշրջանում ի դէմ Իրանի հարցեր յարուցելու նպատակով: Նա նշել է. «Ըստ իս փորձը ցոյց է տւել, որ Իրանի ղեկավարութիւնը ընդհանուր առմամբ շատ աւելի խոհեմ ու զգօն է մօտենում նման հարցերին եւ եթէ պէտք է համապատասխան դիրքորոշում կամ պատասխան նման ահաբեկչական ակտերին, այնպէս է իրականացւում, որ չվտանգւի Իրանի անվտանգութիւնը»: Նա այսպէս է շարունակել. «Ես դատապարտելով նման ահաբեկչական ակտը, որի առումով մեծ տոկոսով դերակատար է սիոնիստական ռեժիմը ուղղակի կամ անուղղակի ձեւով, վստահ եմ, որ այս անգամ Իրանի որոշ հարեւանները, ինչպէս Ադրբեջանը, որը դժբախտաբար օգնում է նրանց, իրենց թոյնը այսպիսով ներարկում են Իրանի խաղաղասէր ժողովրդի գիտական խաղաղ ընթացքին: Ես կրկին անգամ դատապարտում եմ այս քստմնալի արարքը, քանզի այն ապացուցում է, որ Իրանի թշնամիները ինչպիսի ստոր միջոցների են դիմում եւ այդ երկրների ղեկավարները ինչքան փոքրոգի են ու ստոր»: