Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան Եպս. Քէչէճեանը 7 դեկտեմբերի 2020 թւակիր նամակով դիմել է Իրանի արտաքին գործերի նախարարութեանը եւ Իրանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի դեսպանատներին, որտեղ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին ամիսների իրադարձութիւններին եւ այդ իրադարձութիւնների հետեւանքով հայ ժողովրդին հասցւած մարդկային ու տարածքային կորուստներին, յատկապէս ընդգծելով հայկական կողմի անյայտ կորածների ու ռազմագերիների հարցը եւ Ադրբեջանի ցուցաբերած անմարդկային վերաբերմունքը դիակների եւ գերիների նկատմամբ, վերոնշեալ կառոյցներից պահանջել է, որպէսզի համապատասխան քայլեր ձեռնարկելով օր առաջ կարգաւորել անհետ կորածներին գտնելու, զոհւածների աճիւնները եւ գերիներին վերադարձնելու անյետաձգելի գործը:

Տեղեկացնենք, որ գրութեանը ներփակ փոխանցւել է Հայաստանի Մարդու Իրաւունքների հրապարակած պաշտօնական նամակը, ուր հաւաստի աղբիւրների հիմամբ եւ ականատեսների վկայութեամբ ներկայացւած է ոչ միայն մերօրեայ իրավիճակը, այլեւ բուն նպատակն ու պահանջը՝ թէ ինչ է մեր ազգի սպասումը մեծ պետութիւններից, եւ ի մասնաւորի ԵԱՀԿ Մինսկին համանախագահող երկրների ղեկավարներից ու նրանց ներկայացուցիչներից: