Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՀ կրթութեան և գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հիւրին` Արայիկ Յարութիւնեանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները դրսեւորւում են նաեւ կրթութեան և գիտութեան ոլորտներում և առկայ համագործակցութեան մակարդակը բաւարար հիմք է տալիս հետագայ համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հաւատարիմ ենք մեր պետութիւնների միջեւ նախկինում կնքւած յուշագրերի շրջանակում նախատեսւած պարտաւորութիւններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական յարաբերութիւնները կրթութեան և գիտութեան ոլորտում նոր որակական աստիճանի կը բարձրացնեն»,- նշել է ԿԳ նախարարը:

Դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադին ողջունելով նախարար Յարութիւնեանին` իր խօսքում վերահաստատել է  իրանական կողմի պատրաստակամութիւնը՝ զարգացնելու առկայ կրթագիտական  համագործակցութիւնը:Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների յարաբերութիւնների ամրապնդումը պայմանաւորւած է նաեւ գիտակրթական և միջհամալսարանական յարաբերութիւնների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարութիւնը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարին է փոխանցել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական այցի հրաւէրը:

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական յարաբերութիւնների ամրապնդման, ուսանողների և դասախօսների փոխանակման, Հայաստանում պարսկերէն լեզւի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցութեան, ինչպէս նաեւ աշխատանքային այլ հարցերի: