Աղբիւր՝ www.yerkir.am

Իրանում Թուրքիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչւել է Իրանի արտգործնախարարութիւն: Այս մասին գրում է թուրքական «Sondakika.com» լրատւական կայքը` յղում անելով Իրանի պետական հեռուստաընկերութեանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հեռուստաալիքով հնչած յայտարարութեան մէջ ասւել է. «Տարածաշրջանի որոշ զարգացումների վերաբերեալ որոշ թուրք պետական պաշտօնեաների` (նկատի ունի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին-խմբ.) իրականութեան հետ կապ չունեցող յայտարարութիւնների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչւել է արտգործնախարարութիւն» :

Հաղորդւում է, որ Թուրքիայի դեսպանին են փոխանցւել Թեհրանի կառավարութեան կոշտ առարկութիւնները:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ Թուրքիայի եւ Իրաքի միջեւ լարւածութիւնը (Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական զօրախումբ տեղակայելու պատճառով-խմբ.)  ոչ թէ Թուրքիայի, այլ Իրանի կրօնական քաղաքականութեան հետեւանքն է: