Հինգշաբթի՝ 2015 թւականի յունւարի 28-ին, Սպահան «Ասեման» հիւրանոցի սրահներից մէկում կայացաւ Միաստւածային կրօնների 7-րդ միջազգային համագումարը։

Համագումարին ներկայ էին համագումարին ներկայ Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարար պրն Ջաննաթին, կրօնական ու ազգային փոքրամաութիւնների հարցերով նախագահի խորհրդական հոջ. Իւնեսին, Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան Սպահանի Գերատեսչութեան եւ միաժամանակ Միաստւածային Կրօնների Գրասենեակի պետ հոջ. Առզանին, Սպահանի նահանգապետ Զառգառփուռը, Սպահան քաղաքի ընդհանուր քաղաքապետ Մեհդի Ջամալինեժադը եւ հրաւիրւած այլ բարձրաստիճան պաշտօնեաներ։

Համագումարին մասնակցել էին տարբեր երկրների, այդ թւում Իրանի, Արաբական միացեալ Էմիրութիւնների, Աֆղանստանի, Բրիտանիայի, Աւստրալիայի, Նիգերիայի, Իրաքի, Եմենի, Օմանի, Կոնգոյի եւ Պակիստանի աստուածային կրօնների՝ իսլամի, զրադաշտականների, հրեաների, քրիստոնեաների (Կաթոլիկ, Ուղղափառ եւ Բողոքական) ու Յովհաննէս մկրտչի հետեւորդների ներկայացուցիչներ:

Սպահանի հայոց թեմի անունից սոյն համագումարին մասնակցած պատւիրակութիւնը նախագահւում էր թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի միջոցով։ Պատւիրակութեանը մաս էր կազմում նաեւ Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն Վրէժ Տէր-Մարտիրոսեանը։

Համագումարի ընթացքում դասախօսութեամբ հանդէս եկան նախարարը, նախագահի խորհրդականը, հոջ. Առզանին, Սպահանի նահանգապետը եւ կրօնական փոքրամասութիւնների  ներկայացուցիչները։

Սպահանի Հայոց Թեմի անունից ընթերցւեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեան խօսքը, որի մէջ ասւել էր. «Տարածաշրջանում տիրող ճգնաժամը բնորոշ չէ միայն իսլամ եւ քրիստոնեայ աշխարհին: Այն բազում խնդիրներ է յարուցել ողջ մարդկութեան համար»: Գերաշնորհ Սրբազան Հայրը նշել էր, որ այսօր աստւածային կրօնները կարող են առանց միմեանց ինքնութիւնն ու իւրայատկութիւնը վտանգելու, սրտակցութեամբ համագործակցութիւն ծաւալել եւ խաղաղ համակեցութիւն ունենալ: Ըստ նրա. «Բոլոր կրօններն ու իշխանութիւնները պէտք է իմանան, որ անցեալի համեմատութեամբ, այսօր պարտաւոր են աւելի շատ համագործակցել ահաբեկչութեան ու ծայրահեղականութեան դէմ պայքարի ուղղութեամբ»:

Նշելով, որ միաստւածային կրօնների հետեւորդները դարեր շարունակ կողք-կողքի խաղաղ կեանք են վարել Իրանում, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդն ասել էր. «Իրանում տարբեր կրօնների հետեւորդները տարբեր բարքեր ունենալով, միշտ յարգել են միմեանց տարբերութիւններն ու հաւատալիքները»:

Համագումարի աւարտին, յուշագրեր յանձնւեցին նախարարին եւ նախագահի խորհրդականին, ներկայացւեց միաստւածային կրօնների 6-րդ համագումարի ընթացքում ներկայացւած յօդւածները բովանդակող բազմահատոր գիրքը, ստորագրւեց Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան «Իրան 1404» անւանումով աշխատանքային ծրագրերի փաստաթուղթը, ապա Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում Նոր Ջուղայի եւ հարաւային իրանահայութեան նահատակ զինւորների ընտանիքները գնահատւեցին. նահատակների ընտանիքների անդամներից երկուսը, ովքեր ներկայացել էին համագումարին, պարգեւատրւեցին յուշանւէրով։