Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ԲԻԺԱՆ ՆԱՄԴԱՐ ԶԱՆԳԱՆԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
 

«Շ.Ա.Ն.Ա.» լրատուական գործակալութեան հաղորդմամբ՝ էներգետիկայի ոլորտում երկկողմ յարաբերութիւններն ընդլայնելու նպատակով, Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հանդիպել ու բանակցել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երուանդ Զախարեանի հետ:

Հաղորդման համաձայն՝ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութիւնների համատեղ յանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 15-ին այցելել է Թեհրան:

Դեկտեմբերի 15-ին Թեհրանում էներգետիկայի նախարարութեան հիւրընկալութեամբ մեկնարկել է Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութիւնների համատեղ յանձնաժողովի 12-րդ նիստը: Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի նիստի քննարկման թեմաներն են եղել տնտեսական ոլորտի երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր: Աշխատանքային խմբերը երկու օրուայ ընթացքում քննարկել են համատեղ ձեռնարկութիւններին, ինժեներայ-տեխնիկական ծառայութիւններին, էլեկտրաէներգիայի, յատկապէս բնական գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակմանը առնչուող հարցեր:

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցութիւնների ոլորտները չորս կոմիտէների շրջանակում, որոնք են՝ «բանկային, ֆինանսական, ներդրման, առեւտրի եւ արդիւնաբերութեան», «տրանսպորտի, քաղաքաշինութեան, գիւղատնտեսութեան, հեռահաղորդակցութեան» , «մշակութային, զբօսաշրջութեան, առողջապահութեան», «նաւթի, գազի, շրջակայ միջավայրի եւ էլեկտրա-էներգիայի» կոմիտէները:

 
 
Աղբիւր՝ www.armenian.irib.ir
 
ԻՐԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ի.Ի.Հ.-ն ու Հ.Հ.-ը տնտեսական համագործակցութիւնների համաձայնագիր ստորագրեցին:

Իրանի Ռադիօ-հեռուստատեսութեան թղթակցի հաղորդման համաձայն Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցութիւնների համաձայնագիրը երեքշաբթի օրը ստորագրուեց Թեհրանում Ի.Ի.Հ.-ի Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչեանի եւ Հ.Հ.-ի Էներգետիկայի եւ բնաղբիւրների նախարար Երուանդ Զախարեանի ներկայութեամբ կայացած երկու երկրի տնտեսական համագործակցութիւնների յանձնաժողովի 12-րդ նստաշրջանի ընթացքում:

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչեանն այդ համաձայնագրի ստորագրման հանդիսութեան ժամանակ ասաց. «Փորձագիտական կոմիտէների շրջագծում Իրանի ու Հայաստանի փորձագիտական պատուիրակութիւնների արժէքաւոր ջանքերով անցած երկու օրերի սեղմ բանակցութիւնների ընթացքում մշակուեցին երկու երկրի միջեւ համագործակցութիւնների ու համաձայնութիւնների փաստաթղթերը»:

Իրանի էներգետիկայի նախարարն աւելացրեց. «Այս նստաշրջանի բանկային, ֆինանսական, ներդրումային, առեւտրական, արդիւնաբերական, տրանսպորտային, քաղաքաշինութեան, գիւղատնտեսական, կապի ու հաղորդակցութեան, մշակութային, տուրիզմի բարձրագոյն ուսման, առողջապահութեան եւ սոցիալական հարցերի, նաւթի ու գազի, շրջակայ միջավայրի եւ էլեկտրաէներգիայի կոմիտերում բոլոր հարցերի կապակցութեամբ համաձայնութիւն կայացաւ»: