Աղբիւր՝ www.alikonline.ir

 

««Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը չունի այնպիսի նշանակութիւն, որի դէմ պայքարելու նպատակով՝ Իրանին անհրաժեշտ լինի անցնել յատուկ նախապատրաստւածութեան»: Այս մասին յայտարարել է Իրանի ցամաքային ուժերի գլխաւոր հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Քիումարս Հէյդարին:

«Երկրի անվտանգութիւնն ապահովելու նպատակով՝ բանակի ցամաքային ուժերն ակտիւ ներկայութիւն ունեն բոլոր սահմաններում, եւ պատրաստ են դիմակայելու բոլոր տեսակի սպառնալիքներին»,- ասել է բարձրաստիճան զինւորականը:

Միեւնոյն ժամանակ, լրատւական գործակալութիւնները վկայակոչելով Իսլ. խորհրդարանում Արեւմտեան Ատրպատականի եւ Քուրդստանի նահանգների պատգամաւորներին՝ հերքել են «Իսլամական պետութեան» գրոհայինների ներկայութիւնն Իրանի արեւմտեան սահմաններում:

Այս կապակցութեամբ, Իսլ. խորհրդարանում Սանանդաջի եւ Դիւանդառէի պատգամաւոր Սալար Մորադին լրագրողներն ասել է, որ պարբերաբար նման լուրեր տարածւում են, սակայն դրանք չեն համապատասխանում իրականութեանը. «Բարեբախտաբար, մեր սահմաններն ապահով են»,- ասել է նա: Իսկ Ուրմիայի պատգամաւորը՝ Նադեր Ղազիփուրը եւս հերքելով շրջանառւող լուրերը՝ ասել է. «Նրանք նման համարձակութիւն չունեն: Եթէ փորձեն մօտենալ Ուրմիային, ապա Արեւմտեան Ատրպատականի ժողովրուրդը յանդուգն պատասխան կը տան նրանց»:

Անդրադառնալով թեմային՝ ԻՍՆԱ-ն վկայակոչելով Իրանի հիւսիս-արեւմտեան շրջանի սահմանապահ ուժերում իր աղբիւրին՝ տեղեկացրել է, որ կանխարգելիչ միջոցառումների արդիւնքում՝ գրեթէ անհնար է դարձել ահաբեկիչների ներթափանցումն Իրանի սահմաններ: Նոյն աղբիւրն անդրադառնալով «Իսլամական պետութեան» գրոհայինների հետ սահմանային ընդհարումների մասին լուրերին՝ դրանք համարել է մտացածին՝ որոնց նպատակն է ահաբեկիչ գրոհայիններին դուրս բերել անկումային հոգեբանական տրամադրութիւնից: Յիշեցնենք, որ օգոստոսի 29-ին «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման գործողութիւնները լուսաբանող «Ալ Թաաղիր» հեռուստաալիքը, տեղեկացրել էր, թէ իբր «Իսլամական պետութեան» ահաբեկիչ գրոհայիններին յաջողւել է ներթափանցել Իրանի տարածք եւ Արեւմտեան Ատրպատական նահանգի 7 քաղաքների, այդ թւում նաեւ՝ Ուրմիայի արւարձաններում զինւած ընդհարումներ ունենալ Իրանի զինւած ուժերի ստորաբաժանումների հետ: