Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ե.Խ.Խ.Վ.-ի գարնանային նստաշրջանն Ադրբեջանի համար սկսւեց ու շարունակւում է խայտառակ ու աղմկոտ ընթացքով: Երէկ պատգամաւորների հնչեցրած հարցերը յունից հանեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, իսկ այսօր Ե.Խ.Խ.Վ.-ում Ադրբեջանում մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան վիճակին անդրադարձող յայտարարութիւն է շրջանառւում: Փաստաթուղթը մշակել են հայաստանեան պատւիրակութեան անդամները, դրա տակ ստորագրել են պատւիրակներ 28 երկրներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Էստոնիայից եւ եւս 9 երկրներից:

Գրաւոր յայտարարութիւնն արձանագրում է, որ Ադրբեջանը շարունակում է ձախողել իր պարտաւորութիւնների կատարումը: Հաւաքներ կազմակերպելու եւ խօսքի ազատութիւնների առնչութեամբ իրավիճակը երկրում վատթարանում է, ոտնձգութիւնները՝ շարունակւում, իսկ ընդդիմութեանը եւ անկախ լրատւամիջոցներին լռեցնելու համար իշխանութիւնն իրեն դատաւորի դեր է վերապահում: Բանաձեւը Վեհաժողովից պահանջում է կիրառել բոլոր հնարաւոր միջոցները, որպէսզի Ադրբեջանը կատարի այս կառոյցի առջեւ ստանձնած իր պարտաւորութիւնները եւ յարգի Եւրոպայի խորհրդի հիմնարար արժէքները: Յայտարարութեան հեղինակները նաեւ նշում են, որ այս երկիրն իրաւունքների ոլորտում ոչ միայն առաջընթաց չի գրանցել, այլ աւելին, Նախարարների կոմիտէում նրա նախագահութեան ընթացքում իրավիճակը նոյնիսկ վատացել է:

Յայատարարութիւնը ստորագրած պատգամաւորներն Ադրբեջանին կոչ են անում յարգել ազատութիւնները, բարեփոխել զրպարտութեանը, հասարակական կազմակերպութիւններին եւ հաւաքների ազատութեանը վերաբերող օրէնքները: