Աղբիւր՝ www.asbarez.com

 

Բաքւում կայացած ռազմական ուսումնական հաստատութիւնների շրջանաւարտների վկայականաց յանձնման արարողութեան ընթացքում, Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը յայտարարել է, թէ Ադրբեջանի բանակի նպատակն է հայկական երկրորդ պետութեան ստեղծման կանխարգելումը՝ պնդելով, որ հայկական կողմը «ամէն օր» խախտում է հրադադարը, «բայց նրա գործողութիւնները կանխարգելւում են եւ թշնամին կորուստներ է կրում»:

Նշենք, որ այս մէկը Ադրբեջանի ռազմական գերատեսչութեան ղեկավարի առաջին հրապարակային ելոյթն է՝ Նախիջեւանում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ:

Մէկ շաբաթ առաջ, Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան աղբիւրները հաղորդեցին, որ հայկական ուժերը յաջողել են իրենց վերահսկողութիւնը հաստատել Հայաստան-Նախիջեւան սահմանագծի Ջուլֆայի հատւածի մի շարք բարձունքների վրայ, որի շնորհիւ՝ ինքնավար հանրապետութեան մայրաքաղաք Նախիջեւանը փաստօրէն գտնւում է Հայաստանի զինւած ուժերի ստորաբաժանումների ուղղակի տեսանելիութեան դաշտի մէջ՝ մօտաւորապէս 30-35 քլմ. հեռաւորութեան վրայ: Շաբաթավերջին սահմանագծի այդ հատւած է այցելել Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը Նախիջեւանի իրադարձութիւններին չի անդրադարձել իր ելոյթի մէջ ու բաւարարւել է խօսելով բանակի «մարտունակութեան» մասին։