Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ա.Մ.Ն.-ի կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց Ցեղասպանութեան եւ Քեսաբի դէպքերի առընչութեամբ ճնշում է գործադրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գիւլի վրայ: Այս մասին տեղեկացրել է «Ասպարէզ» պարբերականը:

Որպէս Միջին Արեւելքի եւ Ասիայի հարցերով պատւիրակութեան անդամ՝ կոնգրեսական Ադամ Շիֆը առանձին հանդիպումներ է ունեցել Էրդողանի, Գիւլի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնատարների հետ:

Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Շիֆն անդրադարձել է Էրդողանի վերջերս տւած հարցազրոյցին, որտեղ ասում է, թէ «Հայոց Ցեղասպանութիւնը չէր կարող տեղի ունենալ, քանի որ հայերը մինչեւ հիմա ապրում են Թուրքիայում»: Շիֆը դա հաւասարազօր է համարում այն յայտարարութեանը, որ չնայած Եւրոպայում ապրող որոշ հրեաներ չեն մահացել, ուրեմն՝ Հոլոկոստ տեղի չի ունեցել:

Շիֆը նաեւ նշում է, որ չի կարող 1915-23 թթ. իրադարձութիւնների վերաբերեալ բաց դիսկուրս լինել Թուրքիայում, քանի որ եթէ Թուրքիայում պրոֆեսորները, դասախօսները, պատմաբանները, լրագրողները եւ շարքային քաղաքացիները արտայայտում են իրենց տեսակէտը, թէ Հայոց Ցեղասպանութիւնը պատմական փաստ է, ապա ենթարկւում են տարբեր ճնշումների՝ պաշտօնի իջեցման, ահաբեկումների, պոտենցիալ հետապնդումների կամ բռնութիւնների:

Գիւլի հետ հանդիպման ժամանակ Շիֆը յայտարարել է, որ ցանկանում է խօսել տասնեակ հազարաւոր հայկական ծագում ունեցող իր ընտրողների անունից, ովքեր երբեք հնարաւորութիւն չեն ունեցել անմիջականօրէն դիմել նախագահին:

«Դուք չէք կարող գտնել 80.000 հայ ընտրողներին, որոնց Ցեղասպանութեան հարցը չի վերաբերում: Նրանցից իւրաքանչիւրը ծնող կամ պապիկ ու տատիկ է կորցրել, զարմիկներ, եղբայրներ եւ քոյրեր կամ մի ամբողջ ընտանիք: Նրանց ցաւն իրական է, նրանց վէրքերը բաց են, սա անցեալի մասունք է: Դուք եւ վարչապետը նշել էք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը տառապել են, սակայն տառապել են նաեւ թուրքերը, եւ սա հաւասարազօր է յայտարարելու, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներում գերմանացիները եւս տառապել են: Ճիշտ է, որ շատ գերմանացիներ մահացել են, սակայն դա չի կարող ժխտել Հոլոկոստի փաստը եւ աւելին այն, որ շատ թուրքեր մահացել են, չի կարող ժխտել Ցեղասպանութեան փաստը: Պատմական յանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդէս գալը՝ փաստելու, թէ արդեօք Ցեղասպանութիւն եղե՞լ է, նշանակում է, որ պէտք է առաջարկել ստեղծել յանձնաժողով, որը պէտք է որոշի, թէ արդեօք Հոլոկոստ տեղի՞ է ունեցել»,- նշել է Շիֆը:

Շիֆը նաեւ բարձրացրել է Քեսաբի հարցը՝ մտահոգութիւններ յայտնելով հայկական պատմական համայնքում տեղի ունեցող բռնի տեղահանումների վերաբերեալ: Նա Թուրքիային կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման պատճառով՝ չեղեալ յայտարարել Հայաստանի շրջափակումը, դադարեցնել Հայաստանի տնտեսական մեկուսացումը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել կոնգրեսական Շիֆին՝ Թուրքիայի ղեկավարների հետ առճակատւելու Հայոց Ցեղասպանութեան ժխտման հարցում արդարութեան եւ ճշմարտութեան հասնելու համար: Մենք յատկապէս բարձր ենք գնահատում Կալիֆորնիայի ընտրողների անունից իր բարոյական ուղերձը՝ ուղղւած Թուրքիայի վարչապետին եւ նախագահին»,- նշել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: