Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայի մարդու իրաւունքների գրասենեակի Ստամբուլի մասնաճիւղը երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայերին ուղղւած ցաւակցական ուղերձը որակել է որպէս «Ցեղասպանութեան ժխտման տեքստ»:

Գրասենեակի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են հրաւիրել եւ արձագանգել են Էրդողանի յայտարարութեանը:

«1915 թւականին Օսմանեան կայսրութեան տարածքում հայերի հանդէպ տեղի ունեցածը ցեղասպանութիւն էր»,- ասել են ասուլիսի մասնակիցներն ու տեղեկացրել, որ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ՝ արշաւ են սկսելու՝ «ժխտմանը վերջ տալու» կոչով:

Գրասենեակը նկատում է, որ վարչապետի ուղերձում Թուրքիայի օգտագործած լեզուն դրականօրէն փոխւել է, եւ դա պայմանաւորել են ժխտման դէմ մղւող պայքարով:

«Չնայած այս անգամ լեզուն փոխւել է, սակայն տեքստը դարձեալ ժխտման տեքստ է»,- ասել է գրասենեակի անունից հանդէս եկող Էրէն Քեսքինը:

Էրդողանը յայտարարութեան մէջ նշել էր, որ «20-րդ դարասկզբի պայմաններով պայմանաւորւած՝ կեանքից զրկւած հայերի հոգիներին հանգստութիւն, թոռներին ցաւակցութիւններ է յայտնում», սակայն այդ նախադասութեան մէջ, Քեսքինի համոզմամբ, բացայայտ ժխտում կայ. հայերի սպանութիւնները ոչ թէ հետեւողական եւ կազմակերպւած ջարդ է համարւում, այլ այն պայմանաւորւում է 20-րդ դարասկզբի իրադարձութիւններով՝ պատերազմ, տնտեսական պայմաններ եւ այլն:

Նախաձեռնողները նշել են, որ Էրդողանի յայտարարութիւնից անմիջապէս յետոյ՝ կառավարութեանը կից պատմաբանների յանձնաժողովն ապրիլի 24-25-ին Վանում քննարկում է կազմակերպել «Առաջին համաշխարհային պատերազմն ու հայերը» թեմայով:

Միջոցառման ընթացքում կրկնւել է 100-ամեայ ժխտման թէզն այն մասին, որ ցեղասպանութիւնը հայերն են իրականացրել եւ, ռուսների հետ համագործակցելով, թիկունքից հարւածել են Օսմանեան կայսրութեանը: «Այսինքն՝ վարչապետի ցաւակցական ուղերձի յաջորդ օրը Թուրքիայում բնակւող հայերը եւս մէկ անգամ որպէս թշնամի են ներկայացւել ու մեղադրւել են, իսկ Ցեղասպանութիւնը ողջունւել է»,- ասել են կազմակերպիչները: