Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայի նախագահը պատրաստւում է մեկնել Փարիզ։ «Հիւրիէթ դէյլի նիւզը» յայտնում է, որ Առաջին աշխարհամարտում կնքւած զինադադարի 100-ամեակին նւիրւած արարողութիւններին մասնակցելուց բացի Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենայ Միացեալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի իր գործընկերների հետ:

Մինչ այդ, ֆրանսիական «Le Monde» թերթը հրապարակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի յայտարարութիւնը, որի ներքոյ ստորագրել են ինչպէս հայ, այնպէս էլ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական յայտնի գործիչներ:

Յայտարարութեանը միացած անձինք դատապարտում են Թուրքիայի նախագահի ներկայութիւնը արարողութիւններին, ինչը, ըստ նրանց, կարող է խաթարել դրանց իմաստը:

Նրանք պահանջում են Ֆրանսիայի նախագահից իր հիւրին ցոյց տալ, որ նրա ներկայութիւնը յիշատակի արարողութիւններին չի կարող լինել հիմնաւոր՝ հաշւի առնելով նաեւ նրա կառավարման ռեժիմի դրսեւորումները, բռնաճնշումները, որոնք հակասում են 100-ամեայ զինադադարի արժէքներին:

Յայտարարութեան ներքոյ ստորագրել են Եւրոպական հակառասիստական շարժման նախագահ Բենժամին Աբտանը, աշխարհահռչակ շանսոնեէ Շառլ Ազնաւուրի որդին՝ Նիկոլա Ազնաւուրը, ֆրանսիացի պատգամաւորներ Մարին Բրինիէն, Ժան Կլոդ Բուշեն, Վալերի Բուայէն, Լիւկ Կարւունասը, նախկին ֆուտբոլիստ Իւրի Ջորկաէֆը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկեանը եւ այլք: