Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայում յայտնի են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնների նախնական արդիւնքները:

Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալութեան տւեալներով`ընտրութիւններին մասնակցել է աւելի քան 59 մլն 354 հազար քաղաքացիների 87.1 տոկոսը:

Նախագահի ընտրութեան քւէաթերթիկների 75,7 տոկոսի հաշւարկի արդիւնքում` Թուրքիայի գործող նախագահ, «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների մեծամասնութիւնը` 54,6 տոկոսը: Նրանից յետոյ երկրորդ տեղում է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութեան (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն` 29,6 տոկոս ձայներով: «Լաւ» կուսակցութեան թեկնածու Մերալ Աքշեները ստացել է ձայների 7,4, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան (ԺԴԿ) բանտարկւած թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը` 7,1 տոկոսը:

Խորհրդարանական ընտրութիւնների այս պահի արդիւնքները հետևեալն են. հաշււել է քւէաթերթիկների 69,02 տոկոսը: «Ժողովրդական դաշինք»-ը, որի կազմում են ԱԶԿ-ն և «Ազգայնական շարժում» կուսակցութիւնը, ստացել է 56,06 տոկոս ձայն (ԱԶԿ` 44,4 տոկոս, ԱՇԿ` 11,6 տոկոս): Ըստ ստացւած տոկոսների յարաբերակցութեան` 600 պատգամաւորական մանդատ ունեցող մեջլիսում ԱԶԿ-ն  ստանալու է 303, իսկ ԱՇԿ-ն` 51 պատգամաւորական մանդատ:

«Ազգային դաշինք»-ը, որի կազմում են ՀԺԿ-ն, «Լաւ» և «Երջանկութիւն» կուսակցութիւնները, ստացել է 32,62 տոկոս ձայն (ՀԺԿ-` 21,4 տոկոս, «Լաւ» կուսակցութիւն` 9,7 տոկոս, «Երջանկութիւն» կուսակցութիւն` 1,4 տոկոս): Ըստ ստացւած տոկոսների` ՀԺԿ-ն ունենալու է 138 պատգամաւորական մանդատ, «Լաւ»կուսակցութիւն` 45: «Երջանկութիւն» կուսակցութիւնն այս պահին պատգամաւորական մանդատ չունի:

Քրդամետ ԺԴԿ-ն ձայների նախնական հաշւարկով կարողացել է յաղթահարել ընտրական 10 տոկոսանոց շեմը` հաւաքելով 10,04 տոկոս, ինչը նրան տալիս է 63 պատգամաւորական մանդատ: Կուսակցութիւնը յաղթանակ է տարել արևելեան քրդաբնակ Իգդիր, Աղրը, Վան, Սիիրթ, Շըրնաք, Մարդին, Բաթման, Դիարբեքիր, Թունջելի, Մուշ, Հաքքարի նահանգներում:

Թուրքիայի ընդդիմութիւնը յորդորում է կողմնակիցներին ու վստահւած անձանց` ոչ մի դէպքում չլքել ընտրատեղամասերը, մինչև քւէաթերթիկների հաշւարկն ու դրանց արդիւնքների գրանցումը:

Այս ընտրութիւններն առաջինն են երկրում 2017 թւականի սահմանադրական հանրաքւէից յետոյ: Ընտրութիւնների արդիւնքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարւում նախագահական կառավարման համակարգի: Ընտրութիւններից յետոյ նախագահի ձեռքում են կենտրոնանալու աւելի շատ լիազօրութիւններ. նախագահն իրաւունք է ստանալու նշանակելու պետական բարձրագոյն պաշտօնեաների, օրինակ նախարարների ու փոխնախագահների, հրամաններ ստորագրելու լիազօրութիւնը կառավարութիւնից անցնում է նախագահին:

Աւելի ուշ յայտնի դարձան նախնական նոր արդիւնքները։ Այսպէս՝  քւէաթերթիկների 92 տոկոսի հաշւարկի արդիւնքներով` իշխող «Արդարութիւն և զարգացում» կուսակցութիւնը մեջլիսում կունենայ 295, Հանրապետական ժողովրդական կուսակցութիւնը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցութիւնը` 49, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը` 66, «Լաւ» կուսակցութիւնը` 44 պատգամաւորական մանդատ: