Աղբիւր՝ www.yerkirmedia.am

BBC Radio 3-ը աւստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործութեան վերաբերեալ յատուկ հաղորդում է հրապարակել: Հաղորդումը տեւում է շուրջ 50 րոպէ եւ ներկայացնում է Վերֆելի գրքում նկարագրւած պատմութիւնը:

«1933թ-ին հրատարակւեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վէպը, որը շատ լայն արձագանքի արժանացաւ: Պատմութիւնը նկարագրում է, թէ ինչպէս էին մի խումբ հայ գիւղացիներ դիմադրում հսկայական թուրքական ուժերին 1915թ-ին Մուսա լեռ կոչւող սարի վրայ մինչեւ ֆրանսիական նաւի կողմից եգիպտական Պորտ Սաիդ տարհանւելը: Այս ժամանակաշրջանում մէկ միլիոնից աւելի հայերի զանգւածային կոտորածը մեծ միջազգային արձագանքի էր արժանացել, սակայն դրան հետեւել էին Օսմանեան կայսրութեան կործանումն ու Հանրապետական Թուրքիայի կառավարութեան կողմից ժխտողականութեան արշաւի մեկնարկը»,- նշւած է հաղորդման նկարագրութեան մէջ:

Հաղորդման հեղինակ Մարիայ Մարգարոնիսը նշում է նաեւ 1921թ-ին Բեռլինում Հայոց ցեղասպանութեան ծրագրի հեղինակներից Թալէաթ փաշայի սպանութեան մասին, ինչի հետեւանքով հայկական ջարդերի մասին սկսեցին լայնօրէն խօսել նաեւ Գերմանիայում, որի կառավարութիւնը համագործակցել է Օսմանեան կայսրութեան հետ: «Հայերի ճակատագիրը լայնօրէն քննարկւել է, եւ ակնյայտ կապեր են անցկացւել «Հրէական հարցի» եւ Հիտլերի իշխանութեան գալու տարիների հետ»,- նշւում է հաղորդման նկարագրութեան մէջ:

Անդրադառնալով Ֆրանց Վերֆելի վէպին` հեղինակը նշում է, որ Վերֆելն ու իր կինը` Ալմայ Մալերը, 1929թ-ին Մերձաւոր Արեւելքում շրջագայութեան են եղել, որտեղ էլ հանդիպել են հայ գաղթական երեխաների խմբերի, ինչն էլ մղել է աւստրիացի գրողին ստեղծել «Մուսա լեռան 40 օրը»: «Վերֆելի եւ իր ընթերցողների համար «Մուսա լեռան 40 օրը» ոչ միայն յարգանքի տուրք է հայերի դիմադրութեանը, այլեւ զգուշացում: Վերֆելի աշխատանքներն արգելւում ու այրւում էին «Անշլիւս»-ից յետոյ, իսկ գրողն ու իր կինը 1938թ-ին ստիպւած եղան փախչել ԱՄՆ: Հոլիւուդը ժամանակին փորձեր էր անում էկրանաւորել, սակայն թուրքական կառավարութիւնը քայլեր էր ձեռնարկում` խանգարելով այդ գործին»,- գրում է Մարիայ Մարգարոնիսը: