Աղբիւր՝ www.tert.am

 

Իտալուհի լրագրող Աննա Մացցոնեն formiche.net կայքում պատասխանել է նոյն կայքում աւելի վաղ հրապարակուած իր յօդուածի վերաբերեալ Իտալիայում Ադրբեջանի դեսպանատան նամակին։

Նշենք, որ Իտալիայում Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութեանը զայրացրել է իտալացի լրագրողի՝ Ադրբեջանին քննադատող յօդուածը, որում նա պատմել է, թէ ինչպէս է յայտնուել Ադրբեջանի «սեւ ցուցակում»։

«Երբեք չէի յայտնուել «սեւ ցուցակում», բայց երբեք չի կարելի ասել՝ երբե՛ք: Դա տեղի է ունեցել, եւ դա ինձ ուրախացնում է, որովհետեւ լինել մարդկանց ցուցակում, ովքեր չեն արժանանում բռնապետի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի- Խմբ.) հաւանութեանը՝ միշտ պատիւ է։ Իրականում շատ քիչ բան եմ արել այդ պատուին արժանանալու համար, պարզապէս իմ աշխատանքն եմ արել»,- գրել էր Աննա Մացոնեն։

«Կարծում եմ՝ պէտք է բացատրել, որ Իտալիայի նման ազատ եւ ժողովրդավարական երկրի ազատ լրագրողը սովոր չէ յօդուածներ գրել օտար երկրի դեսպանատան հրահանգով, ինչն ինձ սահմանափակում է գրել իմ հետազօտական աշխատանքի եւ տեղում գտնուող իմ աղբիւրների հետ աշխատանքի հիմքում ընկած փաստերի մասին»,-իր պատասխան յօդուածում գրում է լրագրողը։

«Այն, որ Ադրբեջանը բռնապետութիւն է, Աննա Մացցոնեն չի ասում, այլ բոլոր գլխաւոր միջազգային կազմակերպութիւնները՝ սկսած Amnesty International-ից մինչեւ Human Rights Watch եւ Եւրոպական խորհրդարան»,-յաւելում է նա։

Լրագրողը գրում է, որ 2011 թուականին այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընկած այդ հողակտորում «մոռացուած պատերազմի» մասին վաւերագրական ֆիլմ նկարելու համար։

Ինչպէս գրում է լրագրողը, նա Լեռնային Ղարաբաղ է մտել հայկական սահմանից, որն Իրանի սահմանի հետ միակն է, որ թոյլ է տալիս մուտք գործել երկիր: Նա նշում է, որ երկիր մուտք գործելու ընթացքում ոչ մի ադրբեջանական անցակէտի չի հանդիպել, որտեղ պէտք է ներկայացնէր իր անձնագիրը:

«Ինչպէս լաւ գիտի Հռոմում Ադրբեջանի հիւպատոսը՝ չկայ որեւէ «անվտանգ» մուտք Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար, որովհետեւ ողջ տարածքը պատուած է խրամատներով եւ ականներով՝ չհաշուած ադրբեջանցի դիպուկահարներին, ովքեր տեղակայուած են լեռներում եւ պատրաստ են առանց վարանելու քաշել ձգանը, ինչպէս վկայում են սահմանի երկայնքով վերջերս գրանցուած մահուան դէպքերը»,- գրում է նա։