Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքապետ, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած Գիւլթան Քըշանաքի դէմ մինչեւ 5 տարուայ ազատազրկման պահանջով դատական գործ է յարուցուել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դատական հայցի պատճառը մարտի 8-ին` Կանանց օրուան նուիրուած երթի ժամանակ նրա ելոյթն է, որտեղ Քըշանաքն ասել էր, որ «Քուրդիստանում քայլ առ քայլ սկսուել է կանանց յեղաշրջում»:

Դիարբեքիրի առաջին կին քաղաքապետ Գիւլթեն Քըշանաքը բազմիցս հանդէս է եկել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւններով:

Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած յիշատակի արարողութեանը քաղաքապետն ասել էր. «Մենք երբեք չենք մոռանայ դա։ Տեղի ունեցած այդ ողբերգութիւնն, այդ կոտորածն, այդ ցեղասպանութիւնը մեր սրտի խորքում զգում ենք։ Չենք ուզում այդ ողբերգութեան հետ շարունակենք մեր ճանապարհը, արդէն ժամանակն է, որ մեր վէրքերը ապաքինուեն։ Մենք պէտք է կարողանանք յաջողութեան հասնել, որ առերեսուենք իրականութեան հետ։ Մենք դատապարտում ենք տեղի ունեցած Ցեղասպանութիւնը»: