Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիա-Թուրքիա սահմանը շարունակում է պայթիւնավտանգ մնալ: Ժամ առ ժամ թուրքական, արեւմտեան լրատուական կայքերում տարածւում են պայթիւնների, յարձակումների, փոխհրաձգութեան մասին տեղեկութիւններ:

Սիրիայի՝ հայերով խիտ բնակեցուած եւ սահմանային Քամըշլի քրդաբնակ քաղաքում յուլիսի 27-ին երկու ռումբ է պայթել, կայ առնուազն 3 վիրաւոր: Սիրիայի քրդական ուժերն աւելի վաղ Թուրքիային մեղադրում էին իրենց ստորաբաժանումները յաճախակի գրոհելու մէջ։ Սիրիայի քրդական միաւորների առաջնորդն այժմ յայտնում է, որ իսլամականներին գնդակոծելու անուան տակ թուրքական օդուժը հարուածում է քուրդ զինեալների դիրքերին։ Թուրքիան յայտարարել է, որ ռազմական այս գործողութիւնների նպատակը Թուրքիայի անվտանգութեանը սպառանցող տարածաշրջանային անխուսափելի վտանգը չէզոքացնելն է, եւ Սիրիայում իրենց թիրախն «Իսլամական պետութիւնն» է, Իրաքում՝ Քրդական աշխատաւորական կուսակցութեան անջատականները:

Այունամենայնիւ, BBC-ի փոխանցմամբ, «Ժողովրդի պաշտպանութեան միութիւնը» նշում է, որ յուլիսի 26-ի երեկոյեան Թուրքիայի բանակի տանկերը կրակ են բացել Սիրիայի քրդաբնակ Զօր Մաղար գիւղի ուղղութեամբ: Միաւորումն իր տարածած յայտարարութեամբ Ակարայի նման վարքը սխալ է անուանում եւ կոչ անում դադարեցնել յարձակումները քուրդ զինեալների դիրքերի ուղղութեամբ:

Յուլիսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայում եւ Իրաքում ստեղծուած իրավիճակի մասին է նաեւ հեռախօսազրոյցներ ունեցել Ռուսաստանի եւ Իրաքի իր պաշտօնակիցների հետ: Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյցում, Կրեմլի փոխանցմամբ, կողմերն ընդգծել են, որ ահաբեկչութեան եւ ծայրահեղականութեան տարածման դէմ արդիւնաւէտ պայքարի համար անհրաժեշտ է համախմբել շահագրգիռ բոլոր պետութիւնների ջանքերը՝ միջազգային իրաւունքի շրջանակում: Սեփական երկրում Էրդողանը սուր քննադատութեան է արժանանում։ Նրա հրաւիրած խորհրդակցութիւններին մասնակելուց հրաժարուել են քրդամէտ ընդդիմադիր ՙԺողովուրդների ժողովրդավարական՚ եւ ՙԺողովրդահանրապետական՚ կուսակցութիւնները։ Միաժամանակ, անհանգիստ է Ստամբուլը։ Թուրքիայի միւս քաղաքների պէս՝ այստեղ եւս տեւական ժամանակ շարունակւում են բախումները ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Յայտնի է դարձել, որ քաղաքի մետրոյի մի քանի կայարաններում ահաբեկչութեան մասին ահազանգեր են ստացուել։

Յուլիսի 23-ին Թուրքիայի բանակի եւ ԻՍԻՍ-ի միջեւ Սիրիա-Թուրքիա սահմանին հրազէնային մարտեր էին սկսուել, արդիւնքում՝ սպանուեց Թուրքիայի մէկ զինծառայող: Յուլիսի 24-ին Թուրքիան օդային գրոհներ սկսեց Իսլամական պետութեան՝ Սիրիայում տեղակայուած 3 դիրքերի ուղղութեամբ:

Այս դէպքերի առթիւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դաւութօղլուն ասել է. «Սիրիայում Իսլամական պետութեան եւ Իրաքում Քրդական աշխատաւորական կուսակցութեան դէմ յուլիսի 23-ին եւ 24-ին ծաւալուած ռազմական գործողութիւնները փոխել են տարածաշրջանային խաղի բնոյթը»: Նրա կարծիքով, Թուրքիան կարող է արդիւնաւէտ օգտագործել իր ուժերը եւ փոխել, իր խօսքով՝ խաղի բնոյթը Սիրիայում, Իրաքում եւ ամբողջ տարածաշրջանում:

Յուլիսի 26-ին Թուրքիայի օդային ուժերը կրկին գրոհել են Հիւսիսային Իրաքում «Քրդական աշխատաւորական կուսակցութեան» ճամբարները: Անկարան ՆԱՏՕ-ից պահանջել է յուլիսի 28-ին արտահերթ խորհրդակցութիւն հրաւիրել՝ քննարկելու ստեղծուած դրութիւնը: