Աղբիւր՝ www.yerkir.am

 

Տեղեկացրել էինք, որ Արա Գէորգեանի «Ադանա» երգի բառերի հեղինակ, ամերիկացի երգիչ Դանիէլ Դեքերը ցանկանում է դառնալ Հ.Հ.-ի քաղաքացի: Հ.Հ.-ի վաստակաւոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գէորգեանը yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ օրերս իրեն է զանգահարել Դեքերը եւ ասել, որ ցանկութիւն ունի դառնալու Հ.Հ.-ի քաղաքացի եւ պատրաստ է գալ ու Ծիծեռնակաբերդում ստանալ իր անձնագիրը:

Գէորգեանի կարծիքով` սենսացիայ կը լինէր, որ հէնց ապրիլի 24-ին Դեքերին տայինք անձնագիրը: Մաեստրօն նշեց նաեւ, որ դրա մասին արդէն տեղեկացրել է մշակոյթի նախարարին եւ համապատասխան մարդկանց:

Ինչ վերաբերում է իր եւ Դեքերի համագործակցութեան սկզբին, ապա, Գէորգեանը պատմեց, որ ամէն ինչ սկսուել է 2012-ին: «Երբ Դեքերն առաջին անգամ եկաւ Հայաստան, ինձ զանգահարեցին եւ ասացին, որ մի ամերիկացի երգիչ ուզում է ինձ հետ ծանօթանալ: Մենք ժամադրուեցինք կոնսերուատորիայի դիմաց: Հանդիպեցինք, նա առաջին անգամ էր Հայաստանում եւ որեւէ հայ ազգակից կամ արմատներ չունի: Նա թոյլտուութիւն էր խնդրում, որ իմ «Մուշ» ստեղծագործութեան հիման վրայ երգ գրի: Ես ուրախութեամբ համաձայնեցի եւ երգի ձայնագրութիւնը տուեցի նրան: Ապշած էի, որ նա, լինելով կոմպոզիտոր, ով տարեկան 100 համերգ է տալիս Ա.Մ.Ն.-ի տարածքում, ինձնից երաժշտութիւն է ուզում: 20 օր անց նա զանգահարեց Նիւ Եորքից եւ երգեց իր գրած երգը: Ես զարմացայ, թէ ինչ հիանալի է նա երգում»,- ասաց Գէորգեանը:

«Մուշ» երգը պատմում էր այն մասին, թէ Նոյն ինչպէս է իջել Արարատ լեռան գագաթիցվ եւ Արարատը Հայաստանն է: Գէորգեանին յատկապէս դուր էր եկել այն փաստը, որ այս ամէնն ասում է ամերիկացի:

Այնուհետեւ կոմպոզիտորը ցանկացել է Դեքերին հրաւիրել իր` դեռ այն ժամանակ մայիսի 28-ին Սարդարապատում կայանալիք համերգին, սակայն ֆինանսների բացակայութեան պատճառով չի ստացուել: «Դեքերն ինձ զանգահարեց եւ ասաց, որ կը մասնակցի համերգին` իր միջոցներով: Համերգին մենք նուագում էինք նաեւ «Ադանա» ստեղծագործութիւնը, որի տակ պարում էր «Նանէ» շոու-բալետը եւ որն այդ պարով Եւրոպայում Գրան պրիի արժանացաւ: Դեքերը, լսելով «Ադանան», ասաց, որ կ'ուզենար այս երաժշտութեան համար նոյնպէս երգ գրել: Ես նրան ասացի, որ երգի թեմատիկան Ցեղասպանութիւնն է, արդեօ՞ք նա պատրաստ է անդրադառնալ այդ թեմային: Նա պատասխանեց, թէ, այոյ, պատրաստ է»,- պատմեց Գէորգեանը:

Դեքերի երգը պատրաստ է եղել մէկ տարի անց. այդ ժամանակահատուածում նա ուսումնասիրել է հայկական գրքեր, Ցեղասպանութեան մասին եղած նիւթերը, որպէսզի անսխալ տեքստ գրի: Գէորգեանն էլ տեքստը ստուգել է:

«Անդրանիկ Մարգարեանն ինձ օգնեց, որպէսզի «Ադանա» երգի բոլոր թարգմանուած տարբերակները ստուգուեն, քանի որ ես երգը 15 լեզուով թարգմանել էի տուել, այդ թւում` նաեւ թուրքերէն: Այսօր 20 լեզուով հնչում է այդ երգը: Ես ուզում եմ թողարկել մի ձայնասկաւառակ, որում ընդգրկուած կը լինեն երգի` 15 լեզուով տարբերակները` 2015-ի շրջանակներում: Հիմա հովանաւորներ եմ փնտրում»,- ասաց Գէորգեանը` յաւելելով, որ նաեւ առաջարկել է, որ 15 ազգի ներկայացուցիչներ համաշխարհային տուր կազմակերպեն եւ իրենց կատարումներով դատապարտէին Ցեղասպանութիւնը, նաեւ 2015-ի ապրիլի 24-ին բոլորը միասին «Ադանան» կը կատարեն Ծիծեռնակաբերդում:

Կոմպոզիտորը նշեց նաեւ, որ Դեքերի հետ համագործակցութիւնը շարունակւում է: