Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիայի եւ Իրաքի քրիստոնեայ ասորիների՝ վերջին օրերին կրած վնասների ու դժուարութիւնների մասին են այսօր բարձրաձայնել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչները:

«Իսլամական պետութիւն» խմբաւորումը Մերձաւոր Արեւելքի երկու երկրներում հարիւրաւոր ասորիների է պատանդառել, մշակութային հնարժէք նմուշներ աւերել: Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խօսրոեւը կարծում է, որ այն, ինչ կատարւում է արեւելքում, ամբողջ քրիստոնեայ համայնքի գերխնդիրն է:

«Թալէաթա-շների որոշումը, թէ այս երկիրը միայն թուրքերինն է, այսօր իսլամիզմը տարածել է ամբողջ աշխարհում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:

Ին՞չ են այս օրերին ապրում ասորիները, եւ ի՞նչ կոչ են յղում աշխարհին: Իսլամիստները բոլոր հնարաւոր տարբերակներով աւերում են Իրաքի Մոսուլ քաղաքի Նինուէի պատմական թանգարանը: Եւ թէեւ Լոնդոնի հնագիտութեան ինստիտուտից Մարկ Ալթաւիլը Channel 4-ին յայտնել է, թէ ոչնչացուած ոչ բոլոր արձաններն են բնօրինակ, ու մշակոյթի մեծարժէք մի քանի նմուշների բնօրինակներն իրականում պահւում են Բաղդադի թանգարանում, այդուամենայնիւ, վանդալների ձեռքի տակով է անցել, ասենք՝ Նինուէի թանգարանի 7-րդ դարից պահպանուած թեւաւոր ցլի տեսքով ասորական չաստծու արձանը:

Սիրիայի եւ Իրաքի քրիստոնեայ ասորիների կրած վնասները, սակայն, միայն նիւթականով չի սահմանափակուել:

«Մերձաւոր Արեւելքում քրիստոնեայ ասորի ժողովրդի վիճակը սարսափելի է այսօր, եւ եթէ վերջին տարիներին աշխարհի գերտէրութիւնները փորձում են կանխել ցեղասպանութիւնները, ապա ասորի ժողովուրդը 1980-ական թուականներից առ այսօր ենթարկւում է ցեղասպանութեան»,- ասաց Հայաստանի ասորիների միութեան նախագահ Արսէն Միխայիլովը։

Մարդկային կորուստների մասին յստակ տեղեկութիւն տալ այսօր հնարաւոր չէ. զոհուածների եւ գերութեան մէջ յայտնուածների թիւը ժամ առ ժամ աւելանում է:

«Եթէ փետրուարի 23-ին գերիների թիւը 90 էր, ամսի 24-ին դարձաւ 150, 25-ին՝ 260, երէկուայ տուեալներով՝ 380 էր, իսկ այսօր առաւօտեան նայեցի, ներքին տուեալներով, ասում են, որ 500-ից աւելի պատանդ կայ»,- ասաց Հայաստանի ասորիների համայնքի ներկայացուցիչ, ցեղասպանագէտ Անահիտ Խօսրոեւը։

Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչները հետեւում են իսլամիստների տիրապետութեան տակ յայտնուած տարածքներում ապրող ասորիների վիճակին՝ ոչ միայն արտասահմանեան լրատուամիջոցների միջոցով. օգտւում են նաեւ իրենց կապերից: Անահիտ Խօսրոեւը պնդում է, որ մինչ յարձակուելը՝ փետրուարի սկզբին, իսլամիստ ծայրահեղականները հրովարտակներ էին ուղարկել բոլոր գիւղերն՝ ասորիներին տեղեկացնելով, որ կա՛մ պէտք է ոսկու տեսքով հարկ վճարեն իրենց, կա՛մ եկեղեցիների գմբէթներից հեռացնեն խաչերը, կա՛մ էլ պէտք է հաւաքուեն ու դուրս գան տարածքից:

«Ասորի տղամարդիկ հէնց այնպէս, ձեռքները ծալած նստած չեն, ոտքի են ելել անգամ 14, 16, 18 տարեկան պատանիներ եւ տարէցներ»,- ասաց Խօսրոեւը։

Հասաքէ նահանգի Խաբուր գետի երկայնքով ձգուող 33 ասորական գիւղ է յայտնուել իսլամիստների թիրախում: Անահիտ Խօսրոեւը պարզաբանում է՝ տարածքը շատ մեծ ռազմավարական նշանակութիւն ունի ԻՍԻՍ-ի համար, քանի որ դրանով կապ է ունենում եւ՛ Իրաքի, եւ՛ Թուրքիայի հետ: Վերջին պետութեան անունը յիշատակուեց նաեւ իսլամիստների գրանցած առաջխաղացման ենթատեքստում:

Ցեղասպանագէտի գնահատմամբ՝ «Իսլամական պետութիւնը» գոյատեւում է նաւթի շնորհիւ, իսկ այդ նաւթը, նրա պնդմամբ՝ արտահանւում է միայն Թուրքիայի միջոցով:

«2 օր առաջ 200 ընտանիք կանգնած է եղել Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին: Այս իրավիճակում փախստականներին պարտաւոր էին ընդունելու, սակայն Թուրքիան մերժել է ներս թողնել այդ մարդկանց»,- ասաց նա:

Ասորի արուեստագէտ Ռազմիկ Խօսրոեւը քրիստոնեայ աշխարհին կոչ արեց բարձրաձայնել եւ դատապարտել Սիրիայում ու Իրաքում քրիստոնեաների դէմ կատարուող ցեղասպանութիւնը:

«Կ'ուզենայինք, որ ամբողջ աշխարհը կարողանար հասկանալ եւ նեցուկ լինել արեւելքի եւ՛ եզդիներին, եւ՛ ասորիներին, եւ՛ հայերին»:

Հայաստանի ասորիների համայնքն իր յորդորն ունի նաեւ Երեւանին. այնպէս, ինչպէս ընդունում են սիրիահայերին, լաւ կը լինի, որ ընդունեն նաեւ քրիստոնեայ ասորիներին: Խնդրանքն առայժմ լրագրողների միջոցով են փոխանցում, բայց գրաւոր դիմումն արդէն պատրաստ է: