Աղբիւր՝ www.hyeli.com

 

Տեսազանգեր, աուդիօ զանգեր ու մի շարք այլ ծառայութիւններ առաջարկող հայկական արտադրութեան «Զանգի» յաւելւածը կարող է փոխարինել մեծաթիւ հայերի կողմից օգտագործւող «Սքայփ»-ին և «Վայբր»-ին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում «Զանցի»-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսեանը նշել է, որ իրենք, առանց համեստութեան, աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից են հեռահաղորդակցութեան ոլորտում և մի շարք չափանիշներով գերազանցում են վերոնշեալ ծրագրերին:

Վահրամ Մարտիրոսեանի տեղեկացմամբ` նմանատիպ յաւելւած ստեղծելու գաղափարն առաջացել է մօտ 5 տարի առաջ, երբ տեղի ունեցաւ սմարտֆոների յեղափոխութիւնը, իսկ թւային կապը տեղեկատւական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում թրենդային ուղղութիւն էր դառնում:

«Զանգի»-ի թիմն այդ ժամանակ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պատճառով մեծ քայլեր չարեց` իր գործունէութեան շեշտադրումը հիմնականում դնելով դրսի պատւերների իրականացման վրայ: Միաժամանակ, մշակւեցին «Զանգի» համակարգի համար անհրաժեշտ գործիքները, ու այժմ այն թւային կապի օպերատոր է, որի սերւերները դրւած են աշխարհով մէկ: «Փորձեցինք քայլ առ քայլ զարգանալ, ճիշտ է այդ գործընթացը մեզ մօտ երկար տևեց, եթէ աւելի շատ ռեսուրս ունենայինք, աւելի շուտ յաջողութեան կհասնեինք: Այժմեան համաշխարհային լիդեր դարձած «Վաթս Ափ»-ը, «Վայբըր»-ը, «Թանգօ»-ն կամ «Լայն»-ը, սկսել են մեզ հետ միաժամանակ, գաղափարն էլ իրենց մօտ այդ ժամանակ առաջացաւ` մի քանի ամիսների տարբերութեամբ` հնարաւոր է մի քիչ ուշ կամ շուտ: Իրենք աւելի շատ ռեսուրս ունեին, արագ աճեցին, բայց մենք էլ հետ չմնացինք, հետ մնացինք բիզնեսի առումով, բայց տեխնոլոգիական առումով բաւականին լուրջ լուծումներ ունենք»,-ասել է նա:

Վահրամ Մարտիրոսեանի խօսքով` իրենց հիմնական նորարարութիւնները կապւած են ինտերնետ տրանսպորտի հետ: «Մենք լաւացրել ենք ինտերնետ-տրանսպորտի տեսակը, «Զանգի»-ն նոյն ինտերնետ ալիքով կարողանում է տեղափոխել մօտ 20 տոկոս աւելի շատ տւեալներ: Եթէ այս տեխնոլոգիայով ինչոր ֆայլ բեռնէք կամ ներբեռնէք, աւելի արագ կլինի: Տեսազանգերի ժամանակ հէնց այդ տեխնոլոգիան է օգտագործւում: Ինտերնետում տւեալների փոխանցման ժամանակ կան կորուստներ` 10-20 տոկոսի չափով, և մեր միւս նորարարութիւնը կորուստների վերականգնումն է: Տրանսպորտի տեսակների մէջ է յաջորդ նորարարութիւնը, կարող են աւելի լաւ պայմաններով տեղափոխել ինտերնետ-տւեալները»,-նշել է Վահրամ Մարտիրոսեանը` յաւելելով, որ «Զանգի» յաւելւածը միայն այսբերգի երևացող գագաթն է:

Ծրագրի հիմնադրի խօսքով` իրենց տեխնոլոգիայի ներուժի մի մասն է դեռ ռեալիզացւել ու իրենք ներկայում աշխատում են ծառայութիւնների որակի կատարելագործման վրայ: «Մենք առաջինն ենք աշխարհում, որ հեռախօսների կամ պլանշետների վրայ ունենք 720p վիդեոստանդարտ: Դա հեռուսատեսային ստանդարտ է, շուտով «Այ Փադ»-ի վրայ կլինի 720p-ն «Ափ Սթոր»-ում, այսինքն` ուղիղ հեռարձակմամբ տեսանիւթերը հնարաւոր կլինի նայել այնպէս, ինչպէս արդէն տեսագրւած տեսահոլովակը: 2015-ի կէսերին կունենանք Ֆուլ էչ Դի 1080p, այսինքն` տանում ենք նրան, որ ուղիղ տեսանիւթը ստատիկ տեսանիւթից չտարբերւի»,-ասել է «Զանգի»-ի հիմնադիրը:

Բացի այդ` «Զանգի»-ում շուտով կմտնեն այլ ծառայութիւններ ևս` հաղորդակցութիւնների կառավարում, որը հնարաւորութիւն կտայ ձայնագրել, տեսագրել յաւելւածի միջոցով, իսկ ամբողջ ձայնագրութիւնները կպահւեն «Զանգի»-ի  ամպային պահոցներում, հնարաւորութիւն կլինի վերնագրել ձայնագրութիւնը, իսկ փնտրման կոճակի միջոցով անհրաժեշտ ձայնագրութիւնը հնարաւոր կլինի հեշտօրէն գտնել:

Ինչ վերաբերում է անվտանգութեան բաղադրիչին, ապա «Զանգի»-ի դէպքում բազմաշերտ անվտանգութեան համակարգ է կիրառւում: «Սկսած սովորական կոդաւորման համակարգերից մինչև դինամիկ բանալիների համակարգ, որ ամէն ժամանակ մի բանալի է օգտագործւում, յետոյ փոխւում է և, եթէ այդ բանալին գտնեն, յաջորդը չեն կարող: Շատ դժւար կլինի «Զանգի»-ի համակարգը կոտրել ու լսել: «Սքայփ»-ի համեմատ` մի շերտ աւելի անվտանգ է մերը»,-փաստել է Վահրամ Մարտիրոսեանը:

«Զանգի»-ն տալիս է հնարաւորութիւն ինտերնետի բացակայութեան պայմաններում կապ հաստատել համակարգի օպերատորի հետ ու նրա միջոցով միանալ նրան, ում ցանկանում ես: Վահրամ Մարտիրոսեանի տեղեկացմամբ` դա կփոխարինի զբօսաշրջային քարտերին:

«Զանգի»-ն հասանելի է «Անդրոյդ» ու «Այ Օ Էս» հարթակների, ինչպէս նաև Վինդոուզ ֆոնի ու մինչ տարեվերջ բոլոր հարթակների համար:

«Զանգի» յաւելւածն արդէն 50 հազար ակտիւ օգտատէր ունի, այն բարձր ռէյտինգ է գրանցել Անդրոյդ մարկետում: Յաւելւածը լայն տարածում ունի Քուվէյթում, Բահրէյնում, Սլովակիայում, Ղազախստանում, մարտի սկզբներին մարքետինգ կարւի Ռուսաստանում, իսկ մարտի կէսերին` Հայաստանում:

«Հայկական շուկան մի առաձնայատութիւն ունի մեզ համար. այն հաղորդակցութիւն է, և քանի որ մենք մեծ սփիռք ունենք, եթե Հայաստանից մէկ օգտւող ունենանք, արտասահմանից կունենանք 2 օգտատէր»,-ասել է Վահրամ Մարտիրոսեանը` յոյս յայտնելով, որ մինչև 100 հազար օգտատէր կարող են ունենալ Հայաստանից, իսկ ընդհանուր առմամբ` ակնկալում են միլիոնաւոր օգտատէրեր առաջիկայում: