Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար Միւնխենի ամենամեայ անվտանգութեան համաժողովն ամենեւին էլ հարթ չի անցել: Ալիեւի ելոյթից յետոյ նրան հարցեր են ուղղել նաեւ հայկական պատուիրակութեան անդամները. գրում է yerkirmedia-ն:

Մասնաւորապէս` նրան հարցրել են, թէ արդեօ՞ք Բաքուն Մադրիդեան փաստաթղթի երեք հիմնարար սկզբունքներն ընդունում է որպէս հիմք՝ Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համար: Սակայն Ալիեւը շրջանցել է հարցը: Նա պնդել է, թէ նախկին խորհրդային տարածքի բոլոր հակամարտութիւնները պէտք է կարգաւորման միեւնոյն բանաձեւն ունենան, ապա յաւելել, որ Ռուսաստանը զաւթել է Ղրիմը: Իսկ Հայաստանի Արտգործնախարարութեան մամուլի վարչութեան պետ Տիգրան Մկրտչեանն Ալիեւին յիշեցրել է Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահների հասցէական կոչը, այն է՝ Ադրբեջանը պէտք է հաւատարիմ մնայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման՝ իր յանձնառութիւններին: Այնուհետւ հարցրել է, թէ չի՞ կարծում, որ իրենց գործողութիւններով աւելի են սրում իրավիճակը եւ ուշացնում հակամարտութեան խաղաղ կարգաւորումը:

Ալիեւն էլ աւելի է բորբոքուել հայ դիւանագէտի ելոյթից, կրկնել է իր մեղադրանքը միջազգային հանրութեան, հայկական Սփիւռքի, Հայաստանի հասցէին՝ այդպէս էլ չպատասխանելով հարցին: