Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցութեան (CHP) պատգամաւոր Օսման Քորութիւրքը երկրի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուին հարցապնդում է ներկայացրել Հայոց ցեղասպանութեան յուշարձանի լուսանկարն Ա.Գ.Ն.-ի օրացոյցում տեղադրելու մասին եւ հարցը Թուրքիայի ազգային մեծ ժողովի օրակարգ բերել:

Ինչպէս տեղեկացնում է կուսակցութեան կայքը, պատգամաւորը, մասնաւորապէս, նշել է, որ Հայաստանի Հանրապետութիւնը, հայկական սփիւռքը Թուրքիայի դէմ արշաւ են սկսել եւ  կենտրոնացել են Ապրիլի 24-ի վրայ, գերատեսչութեան օրակարգում այդ լուսանկարի տեղակայումն արդեօ՞ք այդ աշխատանքներին հակադարձելու քայլերի հետ որեւէ կապ ունի:

Քորութիւրքն անդրադարձել է նաեւ Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեանին ուղղուած Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաւէրին ու հարցրել. «Ապրիլի 24-ին պետութիւնների ու կառավարութիւնների ղեկավարներին ուղղուած հրաւէրով նրանց Հայաստանի ու Թուրքիայի հրաւէրների միջեւ ընտրութիւն անելուն դրդելը մեր ազգային շահերին հակասում է, դա Արտաքին գործերի նախարարութիւնը չէ՞ր կանխատեսել եւ նախագահին այդ առումով չէ՞ր զգուշացրել»:

Պատգամաւորը նաեւ հետաքրքրուել է, թէ Ապրիլի 24-ին Հայաստանի ու Սփիւռքի արշաւներին դիմագրաւելու համար Ա.Գ.Ն.-ն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում: Արդեօ՞ք օրացոյցի նման այլ անակնկալներ հնարաւոր են:

Յիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը, Hurriyet-ի փոխանցմամբ, «սխալմամբ» հրապարակել է Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրի լուսանկարը իր պաշտօնական օրացոյցում, որը պատրաստուել էր Չանաքքալէի ճակատամարտի հարիւրամեակի նշանաւորման առիթով: