Աղբիւր՝ www.asbarez.com

 

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը դեկտեմբերի 21-ին ընդունել է իսլամ եւ քրիստոնեայ կրօնական առաջնորդներին: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդեանը Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ հանդիպման ընթաքում իր երախտագիտութիւնն է յայտնել նախագահի ընդունելութեան համար: Սրբազանն իր խօսքի մէջ անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին եւ կարեւոր համարել Սիրիայի արաբ ժողովրդի մարդասէր եւ փրկարար դերը Մեծ Եղեռնի տարիներին:

Ըստ «Արմէնփրես»-ի, որը վկայակոչում է սիրիական «Ս.Ա.Ն.Ա.» գործակալութիւնը, կրօնական առաջնորդները նախագահին այցելել էին Կրօնի նախարարութեան ամենամեայ համաժողովից յետոյ: Հանդիպման ընթացքում նախագահ Ասադը նշել է, որ նման հանդիպումները մեծ նշանակութիւն ունեն ազգային եւ պատմական մակարդակով եւ արտացոլացնում են սիրիական հասարակութեան ուժն ու միասնականութիւնը իրենց ամբողջ կրօնական եւ ցեղային հարստութեամբ, ինչը հայրենիքի տոկունութեան հիմքերից մէկն է դաժան պատերազմի ընթացքում:

Ասադը նաեւ նշել է, որ սիրիացիների գիտակցումը, թէ իրականութեան մէջ ինչ է կատարուում Սիրիայում, նոր դռներ է բացում կրօնական գործունէութեան համար, ինչը պէտք է ուշադրութեան կենտրոնին պահի տարբերութիւնները ոչնչացնող ծայրայեղութեան եւ իրական իսլամութեան միջեւ, որը հիմնուել է բարոյականութեան, սիրոյ, համագործակցութեան եւ հանդուրժողականութեան վրայ: Նախագահը կարեւորել է նրանց դերը ազգային հաշտեցման ամրապնդման հարցով:

Մասնակիցներն իրենց հերթին հաւաստիացրել են, որ Սիրիան մնալու է մշակութային բազմազանութեան, ազգի միասնականութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի վառ օրինակ, որը մերժում է օտար ծայրայեղական գաղափարները: