Աղբիւր՝ www.armenpress.am

 

Վատիկանի մշակոյթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջանֆրանկօ Ռաւազին կարծում է, որ Հայաստանի ողջ տարածքում եւ ամբողջ աշխարհում սփռւած խաչքարերն աղաղակում են հայոց պատմութեան մասին: Նա ցաւում է, որ ժողովուրդների բախման արդիւնքում տեղի են ունենում այնպիսի վայրագութիւններ, երբ ոչնչացւում են հայկական խաչքարերը: «Ես խորապէս յուսով եմ, որ այսօր Փարիզում երկու երկրների ղեկավարների հանդիպումը կը դառնայ որոշիչ ապագայում նման վայրագութիւնների կրկնութիւնը կանխելու հարցում: Որպէս մշակոյթի քահանայապետութեան խորհրդի նախագահ` ինքս տարիներ առաջ դիմել եմ ԻՒ.Ն.Ե.Ս.Կ.Օ.-ի գլխաւոր քարտուղարին, որ ամէն ինչ արւի փրկելու այդ կարեւոր պատմական վաւերագրերը` Ջուղայի խաչքարերը»,-«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջանֆրանկօ Ռաւազին` պատասխանելով հարցին, թէ ինչպէս է կարդինալը վերաբերում Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը:

«Հայկական խաչքարերը, որոնք տարածւած են ձեր ամբողջ տարածքով, բղաւում են ձեր պատմութեան մասին: Դուք պէտք է արժեւորէք այն յուշարձանները, եկեղեցիները, ձեռագրերը, որոնք հանդիսանում են ձեր պատմութեան կարեւորագոյն մասը»,- նշեց կարդինալը:

Տասը հազարից աւելի խաչքար է հաշւարկւել Հին Ջուղայի տարածքում, որը տարբեր ժամանակներում ոչնչացւել է: Վերջին բնաջնջումն Ադրբեջանի կառավարութեան կողմից տեղի է ունեցել 2005-2006 թւականներին, երբ ոչնչացւել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն` իր հազարաւոր խաչքարերով։