Աղբիւր՝ www.hyeli.com

 

Օսլոյում հրապարակւել են 2014 թւականի խաղաղութեան Նոբելեան մրցանակի դափնեկիրների անունները՝ նրանք են 17-ամեայ պակիստանցի դպրոցական Մալալա Իւսուֆզայն ու 60-ամեայ հնդիկ իրաւապաշտպան Կայլաշ Սաթեարթին: Ինչպէս յայտնում է Panarmenian.net-ը, մրցանակը շնորհւել է նրանց երեխաների ու դեռահասների հալածանքների դէմ եւ յանուն բոլոր երեխաների կրթութեան իրաւունքի պայքարելու համար:

17-ամեայ Մալալա Իւսուֆզայը մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն է: Նա յայտնի դարձաւ 2009-ին, երբ պատմեց իր կեանքի մասին «Բի.Բի.Սի.»-ի իր բլոգում: 2012 թւականի հոկտեմբերին Մալալայի դէմ մահափորձ իրականացւեց՝ «Թահրիկ ի Թալիբան Պակիստան» խմբաւորման ահաբեկիչները կանգնեցրել էին աւտոբուսը, որով նա տուն էր վերադառնում դպրոցից, փաստել են նրա անձն ու կրակ բացել: Արդիւնքում աղջիկը ծանր վիրաւորւել էր, կոմայի մէջ ընկել եւ տեղափոխւել բուժման համար Մեծ Բրիտանիա:

2013 թւականին Լոնդոնում լոյս տեսաւ նրա կենսագրութիւնը: Թալիբանի գրոհայիններն սպառնում են սպանել նրան «անհաւատներին» օգնելու համար: Մալալան համարւում էր Նոբելեան մրցանակի հաւակնորդներից մէկը նաեւ անցած տարի, սակայն մրցանակը շնորհւեց Սիրիայի քիմիական զէնքի պաշարների ոչնչացմամբ զբաղւող Քիմիական զէնքի արգելման կազմակերպութեանը:

Կայլաշ Սաթեարթին գլխաւորում է «Բաչպան Բաչաօ Անդոլան» կազմակերպութիւնը, որը 20 տարի շարունակ պայքարում է երեխաների իրաւունքների համար: Կազմակերպութեանը յաջողւել է կեանքի ստրկական պայմաններից ազատել շուրջ 80,000 երեխաների ամբողջ աշխարհում: Բոլոր երեխաներին աջակցութիւն է ցուցաբերւել վերինտեգրման եւ կրթութիւն ստանալու գործում: