Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքական Hurriyet թերթի լրագրող Իզզեթ Չափան բացառիկ հարցազրոյց է արել պոլսահայ լուսանկարիչ Արա Գիւլերի հետ:

Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ:

- Գիտեմ` հիմա այնքա՜ն բանի մասին կը պատմէք, բայց ես չգիտեմ՝ որտեղից սկսեմ:

- Արա՛, բա ինչո՞ւ ես եկել, նստել դէմս:

- Առաջին րոպէ, առաջին գոլ(!)... Մոռացայ` ինչ պէտք է հարցնէի: Լաւ, գոնէ լրագրողների անգիր արած հարցերից սկսեմ: Խօսենք Ձեր մանկութեան մասին:

- Ամառային մի օր` օգոստոսի 16-ին, բռնել են մօրս ցաւերն, ու 6:15-ին ես եմ ծնւել: Այդ օրւանից մինչ հիմա ապրում ենք, էլի:

- Աստւած Ձեր կեանքը երկարացնի: Փոքր-ինչ զրուցե՞նք Ձեր հօր ու մօր մասին:

- Հայրս իրականում շապին-գարահիսարցի է: Մայրս՝ պոլսեցի: Մեծ պապս միայն Քադըքոյում վեց տուն ունէր, դրա համար էլ չգիտեմ` մօրական կողմս յստակ որտեղ էր բնակւում Պոլսում:

- Այսինքն` Ձեր մայրը հարուստ ընտանիքի զաւակ է...

- Այո՛, այդպէս է:

- Իսկ հօրական կո՞ղմը:

- Հօրական կողմից մէկը չկար, որ... 1915 թւականի` հայերի տեղահանութեան ժամանակ` աքսորւելուց յետոյ, նրանց ընտանիքից լուր չեն ստացել: Մարդը (հայրը) մնացել է որբ: Նրան ուղարկել են հայկական գիշերօթիկ դպրոց, դրա համար էլ ողջ է մնացել: Եթէ գնացած չլինէր, նրան էլ կը կոտորէին: Մեծ աղէտներ են եղել այս երկրում: Աստծու անիծած երկիր էր. պարզ չէր՝ երբ, ինչ կը լինի:

- Ինչեւէ, մի կողմ թողնենք երկիրը, վերադառնանք Ձեր հօրը...

- Դեղատան տէր, հարուստ մարդ էր: Այն ժամանակ Պոլսում ընդամենը 4-5 դեղատուն կար, ու այսօրւայ նման չէր, որ խանութի նման մտնէիր եւ ուզածդ գնէիր: Դեղերը պատրաստւում էին դեղատան յետնամասում: Հայրս մեծ քիմիկոս էր:

- Ձեր տանն ինչպիսի՞ մթնոլորտ էր:

- Այն ժամանակ այստեղի հայերն ապրում էին ֆրանսիացի ընտանիքների նման: Ինտելեկտուալ կառուցւածք ունէինք: Ամէն մէկս առնւազն 2-3 լեզւով էինք խօսում: Ինձ էլ միշտ ամենալաւ դպրոցներն են ուղարկել:

- Իսկ Դուք քանի՞ լեզու գիտէք:

- Թուրքերէն, ֆրանսերէն, անգլերէն, հայերէն: Մնացածը չհաշւեմ հիմա, ս... արա:

- Ես Ձեզ չեմ պատկերացնում` դասարանում նստած դաս անելիս: Իսկապէս, ինչպիսի՞ աշակերտ էիք:

- Ինչպիսի՞ն պէտք է լինէի՝ անհնազանդի մէկը: Երեք անգամ մնացել եմ նոյն դասարանում: Եթէ ինձ հարցնես` նոյն դասարանում չմնացածից մարդ դուրս չի գայ: Միշտ ինչ-որ վախ կայ աշխատասէր աշակերտների մէջ, դրա համար էլ միշտ սովորում են:

- Տանեցիներն ի՞նչ էին ասում Ձեր՝ մարդ դուրս գալու վերաբերեալ այս «տեսակէտի» մասին:

- Որպէսզի փողոցում աւարայութիւն չանեմ, հայրս ինձ աշխատանքի տեղաւորեց դպրոցի անկիւնում գտնւող «Իփեք» կինօընկերութիւնում: Տնօրէնը՝ Իհսանը, հօրս դեղատան ընկերն էր:

- Իսկ ի՞նչ գործ էիք անում կինօընկերութիւնում:

- Ի՞նչ գործ պէտք է անէի, արա՛, ինչ տալիս էին: Այնտեղ աշխատողները` բոլորը, բացի ինձանից, ռեժիսոր դարձան: Իմ արկածներն այնտեղ կիսատ մնացին:

- Ինչո՞ւ:

- Նոր կինօնկարի տրէյլերի ցուցադրման համար տասնեակ ընկերութիւններ էին հրաւիրել: Ցուցադրութեան ընթացքում որ բացեցի դուռը, տեսայ՝ ամէն տեղ այրւում է, հրդեհ է շէնքում: Հրշէջների կողմից փրկւած ամենավերջին մարդը ես էի: Մայրս այդ օրը անհանգստութիւնից շաքարախտ ստացաւ: Հայրս էլ այլեւս թոյլ չտւեց դրանով զբաղել:

(Արա Գիւլերը պատմում է, թէ ինչպէս է մասնակցել հեքիաթի մրցոյթի՝ օգտագործելով կեղծ անուն (Ալի Իհսան Այգուն), որում զբաղեցրել է առաջին տեղը)։

- Իսկ ինչո՞ւ եք կեղծել Ձեր անունը:

- Ոնց թէ` ինչո՞ւ: Որպէսզի հայ լինելուս պատճառով գործիս առաջ ձեռնափայտ չդնեն (չխոչընդոտեն): Բայց մրցոյթում յաղթելուց յետոյ գնացի եւ ասացի՝ իմ անունը Արա Գիւլեր է:

- Ծանօթացե՞լ էք Աթաթուրքի հետ:

- Ֆլորիա պալատի կողքին՝ հանրային ծովափի մօտ, տուն ունէինք: Աթաթուրքն էլ երբեմն գալիս եւ ծովն էր մտնում: Տեսել եմ նրան, քանի որ միշտ այնտեղ էր նստում` իր զոլաւոր լողազգեստով: Այդ ժամանակ դեռ երեխայ էինք: Չգիտէինք՝ ով էր:

- Գոնէ յետոյ ծանօթացա՞ք:

- Արա՛, ի՞նչ ծանօթանալ: Ասում եմ՝ երեխայ էի, չի հասնո՞ւմ տեղ: Մի հատ ջարդւած նաւակ ունէր, ես էլ դրա հետեւը բռնած լողացող երեխաներից մէկն էի: Եղած-չեղածը սա է:

- Խօսենք լրագրողի «վիրուսով» վարակւելու մասին:

- Երբ կինօընկերութիւնն այրւեց, հայրս ինձ «Նոր Պոլիս» պարբերականում գործի դրեց: 1950 թւականին լրագրող դարձայ: Դրանից յետոյ էլ ընկան ք...ի մէջ, հասայ այս օրերին:

- Այսինքն` սեպտեմբերի 6-7-ի դէպքերի ժամանակ դուք լրագրող էիք: (1995 թւականի սեպտեմբերի 6-7-ը լուրեր էին տարածւել, թէ ռմբակոծւել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի տունը` Սելանիկում, որից յետոյ Թուրքիայի գրեթէ բոլոր շրջաններում բողոքի ցոյցեր սկսւեցին եւ յարձակումներ` Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի վրայ: Պոլսի ցոյցերի ընթացքում գրանցւել են զոհեր):

-Իհարկէ, այդ օրերը շատ լաւ եմ յիշում: 1995 թւականն էր: Ժողովրդական պարերի տարածման եւ պահպանման համար յանձնախումբ կար: Պէտք է ելոյթ ունենային Աչըքհաւա թատրօնում: Իմ պարտականութիւնն էլ նրանց լուսանկարելն էր: Ինչեւէ, ճամբայ ընկայ դէպի Իսթիքլալ փողոց: Մէկ էլ ի՞նչ տեսնեմ՝ ամենուրեք ջարդուխուրդ են անում:

- Իսկ ի՞նչ արեցիք:

- Թաքսիմի կինօթատրոնի դիմաց մի սրճարան կար՝ պատշգամբով: Արագ այնտեղ պատսպարւեցի: Դրսում բոլորը գոռում են իրար վրայ, խանութների ապակիներն են ջարդում, կարճ ասած՝ կատարեալ քաոս: Ժողովուրդը խանութների ջարդւած ցուցափեղկերից ներս էր մտնում եւ նոր զգեստներով դուրս գալիս: Խոշոր-խոշոր մարդիկ երեք վերարկու իրար վրայից էին հագնում: Թալան էր, բացայայտ թալան:

-Կատարեալ խայտառակութիւն...

- Մեհմեդ Ջեմալի յիշատակին «Գիլդա» անունով զարդերի խանութ կար: Երբ գնում էինք, փորձում էին մեզ խոչընդոտել` ասելով. «Սա Ջեմալ փաշայի խանութն է»: «Գիլդա անունը թուրքական չէ: Ի՞նչ է նշանակում Գիլդա» ասելով՝ դա էլ քանդեցին: Եթէ այդ մտածելակերպն այսօր լինի՝ ամբողջ Թուրքիան կը քանդւի: Մէկ խանութ անգամ չի մնայ, քանի որ ուր նայում ես` գեաւուրի անւանումներ են:

- Ձեր միտքն էլ Ձեր դեղատան կողմն էր...

- Սեպտեմբերի 6-ի դէպքերն սկսւեցին կէսօրից յետոյ, եւ մինչեւ սեպտեմբերի 7-ի առաւօտ աւերւել էր 73 եկեղեցի, 2 վանք, գործարան եւ 5538 սեփականութիւն, սակայն Բէյօղլըում գտնւող միակ խանութը, որ ձեռք չէին տւել, հօրս դեղատունն էր:

- Բախտաւոր է եղել...

-Արա՛, ի՞նչ բախտ: Մեր դեղատունը վերածել էին շտապ-օգնութեան կենտրոնի, դրա համար էլ չէին քանդել: Բոլոր վիրաւորներն այնտեղ էին: Դեղատունն էլ չէին քանդել, քանի որ իրենց ձեռնտու է եղել: Թէ չէ շրջակայ բոլոր խանութները թալանել էին: Պրիմիտիւ երկիր էր, է՜, պրիմիտիւ:

- Նախկին վարչապետերից Ադնան Մենդերեսի հետ շատ ժամանակ էք անցկացրել...

- Մի՛ ասա: Ադնան Մենդերեսն ինձ դիւադադար է արել այդ ժամանակ:

- Խէր լինի, ինչո՞ւ:

- Բռնագրաւումների ժամանակ միշտ ուզում էր կողքին լինեմ, էլ ինչո՞ւ:

- Մինչդեռ Դուք այնքան էլ նման չէք մարդու, ով կը մնայ իր չցանկացած տեղում:

- Այդ ժամանակ «Հայաթ» ամսագրում էի աշխատում: Առաջին հրատարակման ժամանակ մտածում էինք՝ 100,000 հատ կը վաճառւի, այդպէս էինք հաշւարկն արել: Բայց երբ 400,000 հատ վաճառւեց, ընկանք ք...ի մէջ: Պատկերացրու` թղթերը Հունգարիայից են գալիս...

- Դուք էլ նորերը պատւիրէիք...

- Արա՛, դու հասկանո՞ւմ ես խօսքը որ ժամանակաշրջանի մասին է: Տպագրւած թղթերի բաշխումը կապւած էր պետութեան հետ: Իրենց ուզած լուրերը չհրատարակողներին թուղթ-մուղթ չէին տալիս: Մենք էլ ստիպւած էդ շան տղերքի ջրով էինք գնում: Ու քանի որ Ադնան Մենդերեսը ինձ սիրում էր, նրան «իւղւելու» գործն ինձ էր տրւած: Դրա համար էլ` ուր գնում էր, ես հետեւում էի նրան:

 
Թարգմանութիւնը՝ Արազ Գայմագամեանի