Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել այսուհետեւ չօգտագործել երկրի ողջ հանրապետական պատմութեան ընթացքում նախագահական նստավայր հանդիսացող Չանքայայի պալատը: Վկայակոչելով թրքական «Հուռիեթ» պարբերականը՝ Armenpress.am-ը նշում է, որ Էրդողանն այսպիսով հրաժարւում է իբրեւ նախագահական նստավայր օգտագործել ժամանակին հայկական Քասապեանների ընտանիքին պատկանած եւ Հայոց ցեղասպանութեան իբրեւ արդիւնք նրանցից խլւած շինութիւնից:

Խախտելով Թուրքիայի հանրապետութեան արդէն 91-ամեայ աւանդոյթը` Էրդողանը որոշում է կայացրել տեղափոխւել եւ նախագահական նստավայր դարձնել «Աթաթուրքի անտառային հողատարածք» անւանումը կրող տարածքում կառուցւող նոր շինութիւնը: Փոխարէնը, Թուրքիայի 11 նախագահների համար իբրեւ նստավայր ծառայած Չանքայայի պալատը օգտագործելու է վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն եւ նրա աշխատակազմը:

Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրութիւնների սեմին թրքական bianet.org անկախ լրատւական կայքը ընթերցողներին ներկայացրել էր  Թուրքիայի հանրապետութեան նախագահական Չանքայա պալատի շէնքի իրական պատմութիւնը, ըստ որի` այն պատկանել է Հայոց ցեղասպանութեան ժամանակ սպանւած Քասապեանների ընտանիքին: Թէեւ պաշտօնական վարկածով նշւում է, որ Քասապեանների ընտանիքը Չանքայա պալատն իրերի հետ միասին «վաճառել է» Բուլղուրլուզադեներին, սակայն հայ ընտանիքի երրորդ սերունդ Էդւարդ Չուհաջին, որ ներկայիս բնակւում է Կանադայի Օթաւա քաղաքում, անձամբ պատմել է իրականութիւնը, որ թրքական պետութիւնը 99 տարի թաքցրել է սեփական ժողովրդից:

Պալատն իրականութեան մէջ պատկանում է Անկարայի հայ բնակիչներից` Քասապեանների ընտանիքի 1857 թւականին ծնած Յովհաննէս Քասապեանին: Մինչ 1915 թւականը Քասապեանների ընտանիքը «անկորա» տեսակի այծի թանկարժէք բուրդ էր արտահանում Անգլիա եւ համարւում էր Անկարայի ամենահարուստ ընտանիքը: 1915 թւականի օգոստոսին Անկարայից 1200 հայեր դուրս բերկեցին եւ սպանւեցին: Անկարայի 1500 հայեր արքեպիսկոպոսի հետ միասին օգոստոսի 29-ին արտաքսւեցին Հալէպ, սակայն, Սիրիոյ հիւսիս-արեւմտեան Մեսքենէ վայր հասան նրանցից ընդամենը 34-ը: Այդ գաղթի ժամանակ Քասապեանների ընտանիքի փեսաներից մէկը յաջողեց Քոնեայի ճանապարհին քարաւանից նրանց փախցնել Պոլիս, այնտեղից էլ` արտասահման…

Քասապեանների ընտանիքը ոչ Չանքայա պալատը, ոչ էլ այնտեղ գտնւող իրերը ոչ մէկի չի վաճառել: Իրերը գողացւել են: Նրանց է պատկանել ո՛չ միայն Չանքայեան, այլ նաեւ Չէքիօրէնում գտնւող ամառանոցը, որ գրաւել է Անկարայի Ուլուս թաղամասում խորհրդարանի շէնքը կառուցած Քոչ ընտանիքը:

Ներկայիս Չանքայեանը կառավարում է նախագահականը, բայց այն պատկանում է Թուրքիայի խորհրդարանին: Պալատի իրական տէրերը Քասապեանների ժառանգորդներ Էդւարդ Չոււաջին եւ Վերգին Քասապօղլուն են: