Աղբիւր՝ www.armenpress.am

 

Բաքւում անցկացւելիք Եւրոպական խաղերին Հայաստանին պաշտէնապէս հրաւիրելու եւ հայ մարզիկների անվտանգութիւնն ապահովելու մասին Ադրբեջանի երիտասարդութեան եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Ադրբեջանում սկսեցին կոչեր հնչել այդ խաղերին հայ մարզիկների մասնակցութեան դէմ: 

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, մասնաւորապէս, Ադրբեջանի այսպէս կոչւած «Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան» առաջնորդ Աքիֆ Նաղին moderator.az-ի հետ զրոյցում յայտարարել է, որ եթէ հայերը համաձայնեն գալ Բաքու, ապա նրանց «փոշմանել» կը տան:

Նաղին ադրբեջանական կառավարութեանը կոչ է արել չեղեալ յայտարարել Հասաստանին արւած պաշտօնական հրաւէրը, եւ սպառնացել, որ հակառակ դէպքում` իրենք «աննախադէպ միջոցներ» կը ձեռնարկեն հայկական պատւիրակութեան դէմ:

«Ինչպէս գիտէք, մարզական մրցոյթների ժամանակ ակցիաների անցկացման, որոշակի քայլեր կատարելու համար աւելի լայն հնարաւորութիւններ կան: Օգտագործելով բոլոր հնարաւորութիւնները` մենք աշխատելու ենք, որպէսզի հայերը զղջան Ադրբեջան գալու համար»։

Ադրբեջանի երիտասարդութեան եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը երէկ յայտարարել էր, որ Եւրոպական խաղերին մարզիկների մասնակցութեան համար հրաւէրներ են ուղարկւել Եւրոպայի բոլոր երկրներին, այդ թւում` Հայաստանին։

«Ադրբեջանի մարզիկները բազմիցս մասնակցել են Հայաստանում անցկացւած մրցումներին: Օրերս էլ Ադրբեջանի նետաձիգների թիմը Հայաստանում մասնակցել է Եւրոպայի նետաձգութեան մրցաշարին: Սպորտի բնագաւառում որեւէ սահմանափակում չկայ: Եւրոպական խաղերի ժամանակ մարզիկների անվտանգութեան հարցերը գտնւելու են բարձր մակարդակի վրայ»,- ասել էր ադրբեջանցի նախարարը: 

Ազադ Ռահիմովի խօսքով` Ադրբեջանում անցկացւելիք Եւրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցութեան մասին յայտնի կը դառնայ Հայաստանի օլիմպիական կոմիտէի պատասխանից յետոյ: