Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի օրէնսդիր խորհրդի անդամ Ամանդա Ֆազիօն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետութիւնների դէմ՝ յայտարարելով, որ այդ երկիրն արժանի չէ 2016 թւականին հիւրընկալել «Ֆորմուլա-1» գրանդ պրի մրցաշարը: Աւստրալացի խորհրդարանականը, ով 2013 թւականի յուլիսին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, խորհրդարանում բարձրաձայնել է Ադրբեջանի շարունակական բռնութիւնների, նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հռետորաբանութեան, այդ երկրում մարդու իրաւունքների լուրջ ոտնահարումների եւ միջազգային հանրութեան կոշտ դիրքորոշման անհրաժեշտութեան մասին:

«Պէտք է չեղեալ յայտարարել վերջերս կայացրած որոշումը՝ թոյլ տալու Ադրբեջանին 2016 թւականին հիւրընկալել «Ֆորմուլա-1» գրանդ պրի մրցաշարը: Նման մրացաշարը վարելու պատիւը շնորհել մի երկրի, որը որպէս ագրեսոր է հանդէս գալիս տարածաշրջանում եւ մարդու իրաւունքների խախտումների ոլորտում լուրջ բացթողումներ ունի, զուրկ է տրամաբանութիւնից»,- ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբին,- խորհրդարանում յայտարարել է Ամանդա Ֆազիօն:

Աւստրալացի օրէնսդիրը նաեւ դիմել է միջազգային հանրութեանը՝ յորդորելով դէմ կանգնել ադրբեջանական իշխանութիւնների ագրեսիային եւ այդ երկրում մարդու իրաւունքների խախտումներին:

Յուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանն ինտենսիւացրել էր իր ագրեսիան՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ, ինչի արդիւնքում մեծ թւով զոհեր են եղել: Ադրբեջանի նախագահը պատերազմով էր սպառնացել հայկական կողմին՝ անգամ «Թուիթեր» սոցիալական ցանցի միջոցով:

Յիշեցնենք, որ Աւստրալիայի ամենամեծ նահանգ Նոր Հարաւային Վելզի խորհրդարանը 2012 թւականի հոկտեմբերին միաձայն որոշմամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: