Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Կոմիտաս» հիմնարկը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ից, Պիթլիսի քաղաքապետութիւնը որոշել է Վիլիամ Սարոյեանի անունով կոչել քաղաքի փողոցներից մէկը, Սարոյեանի Պիթլիս այցելութեան յիսնամեակի առիթով։

Այս իրագործման մէջ կարեւոր դերակատարութիւն է ունեցել Բարզան Շերեֆհանօղլուն՝ Սարոյեանի Պիթլիս այցելութեան օրերին Պիթլիսի քաղաքապետի թոռնիկը, որ իր կարգին Սարոյեանին ցուցաբերած յարգանքի համար հալածւել էր Անկարայի իշխանութեանց կողմից։

Սարոյեանի անունով փողոցը գտնւում է Պիթլիսի այն շրջանում, որտեղ ապրել են Սարոյեանները։

Այս առիթով, «Կոմիտաս» հիմնարկի տնօրէն Արա Սարաֆեանը մի շնորհաւորագիր է յղել Պիթլիսի համաքաղաքապետներ Նեւին Տաղքինարին եւ Հիւսէյն Օլանին։

Անւանակոչումը նաեւ պտուղներից մէկն է այն համագործակցութեան, որ 2013-ին սկսել է «Կոմիտաս» հիմնարկի նախաձեռնութեամբ՝ Թուրքիայի Մարդկային իրաւանց միութեան, Պիթլիսի իրաւաբանական միութեան եւ Քալիֆորնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճիւղի միջեւ, եւ որի շնորիւ Պիթլիսի եւ Ֆրեզնոյի մէջ մի քանի ձեռնարկներ են տեղի ունեցել։