Աղբիւր՝ www.asbarez.com

 

Մ.Ա.Կ.-ի ընդհանուր քարտուղար Բան Քի Մունը խոր անհանգստութիւն է յայտնել է Լեռնային Ղարաբաղում արձանագրւած վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ՝ կոչ անելով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւններին՝ յարգելու զինադադարի մասին համաձայնութիւնը:

Նրա յայտարարութեան մէջ նշւել է, թէ Մ.Ա.Կ.-ը կիսում է Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբակի համանախագահների կողմից այս կապակցութեամբ արտայայտւած մտահոգութիւնը՝ խոստանալով սատարել տագնապի կարգաւորման միտող Մինսկի խմբակի ջանքերին:

Բան Քի Մունը «բոլոր կողմերին» կոչ է անում յարգել հրադադարի մասին համաձայնութիւնը, խուսափելու համար յաւելեալ բռնարարքներից, ինչպէս նաեւ արագ ու խաղաղ քաղաքական մի լուծման ուղղւած երկխօսութիւնը շարունակելու եւ լարւածութիւնը մեղմացնելու պատասխանատւութիւնն ստանձնելու»:

Իր կարգին, Միացեալ նահանգների արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին յատարարեց, թէ Վաշինկթոնը խորապէս անհանգստացած է շփման գծի վրայ բռնութեան սրումով։ Նա նաեւ ցաւակցութիւն է յայտնել զոհւածների եւ վիրաւորների ընտանիքներին՝ կոչ անելով կողմերին, որ շուտափոյթ քայլերի ձեռնարկեն լարւածութիւնը մեղմացնելու ուղղութեամբ եւ յարգեն հրադադարի մասին համաձայնութիւնը:

«Հակամարտութիւնը ռազմական լուծում չունի: Պատասխան քայլերն ու շարունակական բռնութիւնը միայն կը բարդացնեն խաղաղ կարգաւորման ձգտումը: Մենք, որպէս Մինսկի խմբակի համանախագահներ, ուզում ենք կողմերին օգնել՝ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հասնելու համար»,- յայտարարել է Փսաքին:

Բրիտանիայի Արտաքին գործոց նախարարութիւնն եւս անհանգստութիւն է յայտնել ղարաբաղեան հակամարտութան գօտու վրայ արձանագրւած վերջին բռնարարքներին կապակցութեամբ:

Բրիտանիան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անյապաղ միջոցառումների ձեռնարկել՝ լարւածութեան մեղմացման եւ զինադադարի պահպանման ուղղութեամբ: Բրիտանիայի Արտաքին գործոց նախարարի մամլոյ քարտուղարը յիշեցրել է, որ Լոնդոնը պատրաստ է Արցախի տագնապի խաղաղ լուծման հասնելու համար գործակցել Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբակի հետ:

Հարաւային Կովկասում Ն.Ա.Թ.Օ.-ի ներկայացուցիչ Վիլամ Լախուն եւս յայտարարել է, որ լարւածութեան աճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի ապահովութեան համար: «Կողմերը պէտք է քայլերի ձեռնարկեն՝ ստեղծւած իրավիճակը հարթելու ուղղութեամբ»,- յայտարարել է նա։

Ըստ նրա՝ Ն.Ա.Թ.Օ.-ն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման խաղաղ միջոցների կողմնակից է: