Աղբիւր՝ www.asbarez.com

 

Պաշտօնական Անկարան շարունակում է արձագանգել հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներին: Թուրքական մամուլն եւս ակտիւօրէն մեկնաբանում է սահմանային միջադէպերը:

Թուրքական Haberturk-ը, վկայակոչելով կառավարութեանը մօտ կանգնած աղբիւրները, գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւին եւ ցաւակցութիւններ յայտնել «եղբայրական Ադրբեջանի ժողովրդին՝ զինւորների մահւան կապակցութեամբ»:

Թուրքիայի Արտգործնախարարութիւնը՝ նախարար Ահմեդ Դաւութօղլուի յայտարարութիւնից զատ, հանդէս է եկել նաեւ առանձին հաղորդագրութեամբ: Վերջինում ասւած է. «Ցաւով եւ անհանգստութեամբ ենք հետեւում Ադրբեջանին պատկանող եւ գրաւման տակ գտնւող տարածքների շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձութիւններին, որոնք մեծաթիւ զոհեր են խլել: Բախումների ընթացքում զոհւած ադրբեջանցի մեր եղբայրների հոգիներին հանգստութիւն, իսկ նրանց ընտանիքներին եւ եղբայրական Ադրբեջանի ժողովրդին ցաւակցութիւններ ենք յայտնում»:

Թուրքական մամուլը մեծամասամբ ադրբեջանական մամուլի ազդեցութեան տիրոյթում է եւ սնւում է գերազանցապէս ադրբեջանական աղբիւրներից: Բացի այդ, այս օրերին Թուրքիայում բաւական ակտիւ գործունէութիւն է ծաւալում ադրբեջանական լոբին:

Թուրքիայի լրատւամիջոցներում արագօրէն տարածւեց իրականութեանը չհամապատասխանող այն տեղեկութիւնը, թէ հայկական կողմը մեծաթիւ զոհեր է կրել: Այսպէս, Zaman-ը ծանուցում է. «Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ վերջին երկու օրերին Ադրբեջանի հետ բախումների ընթացքում զոհւել է 20, վիրաւորւել՝ 26 զինւոր: Այդ իսկ պատճառով Հայաստանը Ադրբեջանի հետ լարւածութիւնը մեղմացնելու նպատակով հրաժարւել է ուժի կիրառումից»:

Ակտիւացել են նաեւ վերջին տարիներին Կարսում հաստատւած ադրբեջանցիները, որոնց կազմակերպութիւնները բարձրաձայնում են «գրաււած ադրբեջանական տարածքները» յետ վերադարձնելու հարցի մասին: Ըստ ադրբեջանական լրատւամիջոցների՝ Կարսի մզկիթներից մէկում ուրբաթօրեայ աղօթք է ընթերցւել՝ զոհւած ադրբեջանցիների յիշատակին:

Սոցիալական ցանցերում՝ թեմայի վերաբերեալ լուրերի մեկնաբանութիւններում, թուրք օգտատէրերը տարակուսանք են յայտնում ադրբեջանցի զինւորների մարտական պատրաստւածութեան վերաբերեալ եւ երբեմն վիրաւորական արտայայտութիւններ թոյլ տալիս ադրբեջանցի զինւորների հասցէին՝ հայկական ուժերին յաւուր պատշաճի դիմադրութիւն ցոյց չտալու համար: