Աղբիւր՝ www.asbarez.com

 

Աւստրալիական news.com պարբերականը մի յօդւած է նւիրել հայոց Բագրատունիների մայրաքաղաք Անիին: Յօդւածում կցւել են աւելի քան 60 հազար մնայուն ընթերցող ունեցող «Yomadic» ճամբորդական «պլակ»-ի լուսանկարները՝ Անիի աւերակները ներկայացնող։

Կայքը գրել է.

«Հնագոյն քաղաք Անին հիմնադրւել է աւելի քան 1600 տարի առաջ եւ եղել է այդ ժամանակաշրջանի աշխարհի մեծագոյն մայրաքաղաքներից մէկը: Այսօր այն աւերակ է: Գտնւելով այժմեան Թուրքիայի արեւելեան մասում՝ Պոլսից հազարաւոր քիլոմեթր հեռաւորութեան վրայ, Անին կառուցւել է առեւտրական բանուկ ճանապարհների քառուղիի վրայ եւ 11-րդ դարում վերածւել է աւելի քան 100 հազար բնակչութիւն ունեցող պարսպապատ ծաղկուն քաղաքի:

Իր ծաղկման գագաթնակէտին՝ հայոց թագաւորութեան մայրաքաղաք Անին եղել է հարստութեան, շքեղութեան եւ ճարտարապետական հրաշալիքների քաղաք: Այն նշանաւոր է եղել նաեւ որպէս հազար ու մէկ եկեղեցիների քաղաք, իսկ նրա եկեղեցական կառոյցները, արքայական պալատներն ու ամրոցներն իրենց ճարտարագիտական եւ գեղագիտական իւրայատկութեամբ համալրել են աշխարհի առաջատար կառոյցների շարքը:

Շինարարութեան մէջ գլխաւորաբար օգտագործւել է տեղական հրաբխային բազալթը, որի վրայ դիւրութեամբ կարելի է փորագրել եւ ունի բազմաթիւ գոյներ՝ դեղնաւունից մինչեւ կարմրավարդագոյն եւ սաթի պէս սեւ: Բագրատունիների մայրաքաղաքը եւ այն շրջապատող տարածքները բազմիցս նւաճւել են բիւզանդական կայսրերի, օսմանեան թուրքերի, քիւրտերի, վրացիների եւ ռուսերի կողմից։ Մինչեւ 1300-ական թւականները քաղաքը մեծ անկում է ապրել եւ վերջնականապէս անտիրութեան է մատնւում 1700-ականներին:

Աւելի քան 700 տարի մոռացութեան մատնւած այս աւերակները զոհերն են թուրք կողոպտիչների ու բարբարոսների, որոնք փորձել են անհետացնել հայոց պատմութեան հետքերը այդ տարածաշրջանում»: