Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպս. Աթէշեանը դատական պատասխանատւութեան է կանչել Թուրքիայի քաղաքացի Քեմալ Թայֆուն Նարգինին, ով ներկայանալով որպէս վարչապետի գրասենեակի տեսուչ, պատրիարքարանից 6000 թուրքական լիրա (շուրջ 3000 Ա.Մ.Ն. դոլար) է պահանջել, որպէսզի, իբր աւարտին հասցնի Սանսարեան դպրոցի շէնքը հայ համայնքին վերադարձնելու գործընթացը:

36-ամեայ Նարգինը մեղադրւում է խարդախութեան, պետական հաստատութիւնն անւանարկելու մէջ, որի համար օրէնքը մինչեւ 7 տարւայ ազատազրկում է նախատեսում:

Արամ Աթեշեանը դատալսմանը վկայել է, որ ամբաստանեալի պահանջով նրան տւել է 3000 լիրա, սակայն վերջինս դրանով չի բաւարարւել ու եւս 3000 լիրա է պահանջել: Իսկ մինչ գումարը տալն Աթեշեանը մի թուղթ է ստորագրել՝ վարչապետի գրասենեակի տարբերանշանով ձեւաթղթի վրայ: Երբ պարզւել է, որ այն կեղծ է, Աթեշեանը դիմել է Թուրքիայի՝ Եւրամիութեան հարցերով այն ժամանակւայ նախարար Էգեմեն Բաղըշին:

Արքեպիսկոպոսի փաստաբանն, ի դէպ, ասել է, որ աւելի շատ զարմացած են մէկ այլ փաստից. Սանսարեանի շէնքի վերադարձի մասին այդ ժամանակ գիտէր ընդամենը երեք մարդ՝ Աթեշեանը, վարչապետ Էրդողանն ու Բաղըշը. որտեղի՞ց էր Նարգինն ստացել այդ գաղտնի տեղեկութիւնը: Ամբաստանեալը դատական նիստին ներկայ չի եղել: