Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, օդանաւը վայրէջք կատարեց «Զւարթնոց» օդանաւակայանում. նրան դիմաւորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը:

Ռոհանին հոկտեմբերի 1-ին Երևանում ներկայ կը լինի Բարձրագոյն Եւրասիական տնտեսական խորհրդի ընդլայնւած կազմով նիստին՝ հրաւիրեալ երկրի ղեկավարի կարգավիճակով: Նիստին կը մասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետութեան նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետութեան նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանը:

Սինգապուրի Հանրապետութեան վարչապետ Լի Սիէն Լուն ևս ներկայ կը լինի՝ հրաւիրեալ երկրի ղեկավարի կարգավիճակով, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպէս դիտորդի կարգավիճակում գտնւող երկրի ղեկավար: