Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութիւնը մարդասիրական օգնութիւն ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետութիւն` տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին օժանդակութիւն ցուցաբերելու համար:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակեանը յայտնեց, որ մարդասիրական օգնութեան տարբերակներից ընտրւել է գոյքային օգնութիւնը:

«Մենք ուղարկում ենք վերմակներ, մահճակալներ եւ վրաններ: 4000 վերմակ, 250 մահճակալ, 30 վրան: Մերոնք մեքենայով այն հասցնելու են մինչեւ Թաւրիզ, այնտեղ յանձնելու են «Կարմիր մահիկի» կազմակերպութեանը, իրենք տնօրինելու են գոյքը»,- ասաց Ցոլակեանը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ ջրհեղեղի աղէտալի վտանգը դեռ կայ, եւ հայկական կողմի մարդասիրական քայլը շատ գեղեցիկ ու խորհրդանշական է:

«Բնական աղէտներն անկանխատեսելի են, եւ ինչպէս տարիներ առաջ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բնական աղէտի ժամանակ օգնութեան ձեռք մեկնեց հայ ժողովրդին, այնպէս էլ հիմա Հայաստանն է օգնում Իրանին»,- նշեց դեսպանը:

Իրանում ջրհեղեղի պատճառով աւելի քան 70 մարդ է զոհւել: Բնական աղէտի հետեւանքով տուժել է աւելի քան 1900 քաղաք ու գիւղ: