Աղբիւր՝ www.yerkir.am

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Նիւ Եօրքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցութեան զարգացումը և նշել, որ այն զգալիօրէն զիջում է երկկողմ քաղաքական յարաբերութիւնների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկայ ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ հայ-իրանական յարաբերութիւններն ունեն առանձնայատուկ բնոյթ և պէտք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրայ:

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջև առկայ է վստահութեան բարձր մակարդակ: Իրանի նախագահի խօսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարութիւն և մեծ յարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խօսելով տնտեսական փոխգործակցութեան մասին` Հասան Ռոհանին համոզմունք է յայտնել, որ Եւրասիական տնտեսական միութեան հետ ստորագրւած ազատ առևտրի գօտու ձևաւորմանը միտւած համաձայնագիրը ևս հնարաւորութիւն կը տայ աւելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցութիւնը:

Նիկոլ Փաշինեանը և Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թւում` Էներգետիկայի, ճանապարհաշինութեան ոլորտներում համագործակցութեանը, լոգիստիկ պայմանների բարելաւմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոհանին վարչապետ Փաշինեանին հրաւիրել է Իրան և համոզմունք յայտնել, որ, այցը հնարաւորութիւն կընձեռի առաւել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցութիւնն ընդլայնելու ուղիները: