Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը նոյեմբերի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին:

Ողջունելով հիւրին` վարչապետը նշել է, որ Հայաստան-իրան յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, եւ այս տարի նշւում է երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակը: «Շատ ուրախ եմ, որ այսօր Երեւանում բացւել է հայ-իրանական բիզնես ֆորումը, իսկ դեկտեմբերին սպասւում է ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ յանձնաժողովի նիստը: Հոկտեմբերին ունեցել ենք բաւական հեռանկարային այց Իրան եւ պայմանաւորւել ենք տարբեր ուղղութիւններով փոխգործակցութեան զարգացման վերաբերեալ: Հայաստանի կառավարութիւնը չափազանց շահագրգռւած է եւ պատրաստ է` որակապԷս փոխելու եւ նոր մակարդակի բարձրացնելու մեր առեւտրաշրջանառութիւնը», — ասել է Կարէն Կարապետեանը:

Նախարար Զարիֆը նշել է. «Ձեր այցելութիւնն Իրան շատ կարեւոր եւ յաջողւած էր: Մենք Հայաստանն ընկալում ենք որպէս լաւ հարեւան : Մեր յարաբերութիւնները շատ աւելի երկար  ժամանակահատւածի պատմութիւն ունեն, քան 25 տարին, եւ այդ լաւ  յարաբերութիւնները  արժէքաւոր կապիտալ են երկու երկրների համար, որից պէտք է կարողանանք  օգտւել»:

ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին` Մեղրիում, բացւելիք ազատ տնտեսական գօտու (ԱՏԳ) շրջանակում համագործակցութեանը վերաբերող հարցեր: Կարէն Կարապետեանը նշել է, որ հաշւի առնելով բիզնեսի համար առաջարկւող հարկային արտօնութիւնները եւ այն յատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառոյցների ու երկրների հետ` ԱՏԳ-ն լաւ եւ շահաւէտ հարթակ է լինելու եւ հայաստանցի, եւ իրանցի, եւ երրորդ երկրների գործարարների համար: