Աղբիւր՝ www.alikonline.ir

Հոկտեմբերի 14-ին ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղքում կայացել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների օրէնսդիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային իրադարձութիւններին վերաբերող թեմաներ:

Նրանք նշել են, որ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ եւ շարունակում են զարգանալ փոխվստահութեան մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցութիւնը:

Դոկտ. Լարիջանին ասել է, որ Հայաստանն Իրանի համար կայուն ու վստահելի հարեւան եւ գործընկեր է, եւ երկու երկրների միջեւ ձեւաւորւել է բարձր մակարդակի յարաբերութիւններ եւ փոխգործակցութիւն:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգութեան հիմնահարցերին, դոկտ. Լարիջանին նշել է, որ Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգութեան ապահովման հարցում:

Իսլ. խորհրդարանի խօսնակը յատուկ կարեւորել է յատկապէս տարածաշրջանային միասնականութեան պահպանումը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ստեղծած խնդիրների ֆոնին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի վարքագիծը միջազգային հանարութեան համար որոշակի պրոբլեմների պատճառ է դառնալու. «Վերջին շրջանում ԱՄՆ-ը յաճախակիօրէն խախտում է Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Թէեւ միջնորդ «վեցեակ»-ի անդամ միւս երկրներն ԱՄՆ-ի գործողութիւններին դէմ են, այդուհանդերձ, ամերիկացիների նման վարւելակերպն աշխարհի համար որոշակի պրոբլեմների պատճառ է դառնալու»,- ասել է դոկտ. Լարիջանին:

Արա Բաբլոյեանն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի կառուցողական դերակատարութիւնը տարածաշրջանային կայունութան եւ անվտանգութեան ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ Իրանը մշտապէս վճռական դերակատարութիւն է ունեցել այդ գործում:

Երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման գործում, ՀՀ ԱԺ խօսնակը կարեւորել է յատկապէս սահմանային գօտում ազատ տնտեսական գօտիների ստեղծումը, որոնք, ըստ նրա՝ կարող են նպաստել առեւտրա-տնտեսական փոխգործակցութեան առաւել զարգացմանը:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, Արա Բաբլոյեանն այն համարել է միջազգային բազմակողմ համաձայնագիր՝ նշելով, որ Հայաստանը մշտապէս հետեւել է գործարքի կայացման գործընթացին. «Դրա կայացումից յետոյ մենք եւս ազատ շունչ քաշեցինք: Մեզ մտահոգում էր ձեր խնդիրները»,- ասել է նա:

Խօսելով ԱՄՆ-ի ստեղծած խնդիրների մասին, ՀՀ ԱԺ նախագահը յոյս է յատնել, որ դրանք եւս շուտով կը կարգաւորւեն. «Իրանական ուղղութեամբ Հայաստանի քաղաքականութիւնը կայուն է եղել: Մենք մշտապէս պաշտպանել ենք Իրանին»,- ասել է նա:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմեանց հրաւիրել են այցելել իրենց երկիր: