Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը հանդիպել է պաշտօնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանիի հետ: 

«Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ եւ հիւրընկալւել մեր լաւ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Հասան Ռոհանին` աւելացնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի հետ բանակցութիւնների արդիւնքում ձեռք են բերւել մի շարք համաձայնութիւններ եւ պայմանաւորւածութիւններ: Հասան Ռոհանին միաժամանակ յոյս է յայտնել, որ ապագայում ականատես կը լինեն այդ ծրագրերի կեանքի կոչմանը: 

Վարչապետ Կարէն Կարապետեանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետութիւն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցութեան օրակարգը յագեցած է հարուստ բովանդակութեամբ, որը ամուր հիմք է ստեղծում յետագայ յարաբերութիւնների զարգացման ու ընդլայնման համար: 

ՀՀ վարչապետն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկութիւններ, որոնց իրականացումն էլ աւելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը եւ նոր լիցք կը հաղորդի յետագայ համագործակցութեանը: Մասնաւորապէս, առաջարկւել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կը նպաստի ապրանքատեսակների համապատասխանութեան գնահատման գործընթացի դիւրացմանն ու առեւտրաշրջանառութեան աճին: 

Յատկանշելով Հայաստանի եւ Իրանի ազատ տնտեսական գօտիների համագործակցութիւնը` վարչապետ Կարապետեանն առեւտրաշրջանառութեան խթանման տեսանկիւնից կարեւորել է նաեւ իրանական ընկերութիւնների գործունէութեան ընդլայնումը Հայաստանում` հաշւի առնելով Եւրասիական տնտեսական միութեան շուկայի հնարաւորութիւնները:

Վարչապետ Կարէն Կարապետեանը կրկին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամութիւնը` սերտօրէն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում:

Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների գործընթացի պարզեցման, զբօսաշրջութեան ներուժի իրացման եւ փոխադարձ ուղեւորահոսքերի աւելացման հետ կապւած օրակարգային հարցերին:

Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցութեան խթանմանն ուղղւած քայլերը եւ նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ յարաբերութիւններիր զարգացմանն ուղղւած ցանկացած կառուցողական առաջարկութիւն: