Աղբիւր՝ www.yerkir.am

 

 

Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ Եւրասիայի գլխաւոր վարչութեան պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Դեսպան Թումանեանը ներկայացրել է երկկողմ յարաբերութիւնների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Մասնաւորապէս, խօսւել է գազի եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերի, երկկողմ առեւտրաշրջանառութեան եւ մի շարք այլ հարցերի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի դէմ պայքարի գործում միմեանց հետ արդիւնաւէտ համագործակցութեանը: Կարեւորւել է առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղութեամբ աշխատանքների ակտիւացումը:

 

 

 

 Աղբիւր՝ www.alikonline.ir

 

 

Իրանի նորընտիր խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ Թել Աւիւում Երեւանի դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման մասին Իրանում տարբեր վերլուծութիւններ են եղել, հիմա էլ թեմայի վերաբերեալ գնահատականներ են հնչում տարբեր վերլուծաբանների, քաղաքական հոսանքների ներկայացուցիչների կողմից:

Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ Իսրայէլի դերակատարութիւնը տարածաշրջանում, ազդեցութիւնը Ադրբեջանում եւ իրենց հարեւան այլ երկրներում, մշտապէս Իրանի ուշադրութեան կենտրոնում է:

«Հայաստանի պետական այրերն էլ գիտեն այդ մասին: Դա զգայուն թեմա է: Նաեւ Իրանում գիտեն, որ Հայաստանի կողմից որեւէ սպառնալիք չի եղել եւ չի լինելու Իրանի հասցէին»,- ասաց նա՝ նշելով, որ երկու երկրների պետական այրերի՝ արտգործնախարարութիւնների աշխատանքի արդիւնքում կարող է պարզաբանւել, թէ Հայաստանը ինչ շահեր ունենալով է, ինչ սկզբունքով է եկել այդ որոշմանը եւ նման քաղաքական ակտ է ցանկանում կատարել:

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարութիւնն արձագանքել էր Թել Աւիւում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշմանը: Մտահոգութիւն յայտնելով Թել Աւիւում դեսպանատուն բացելու Հայաստանի որոշման կապակցութեամբ` Իրանի ԱԳ նախարարութեան խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին յոյս էր յայտնել, որ Երեւանը կը վերանայի իր որոշումը:

«Այլ երկրներին մենք շարունակ զգուշացրել ենք Սիոնիստական ռեժիմի օկուպանտ էութեան ու ռեժիմի անօրինականութեան մասին եւ մտահոգութիւն ենք յայտնել սիոնիստներին համար ամենաչնչին օրինականութիւնն ստեղծող քայլերի կապակցութեամբ»,- ասել էր նա՝ յաւելելով, որ իրենց մտահոգութիւնը յայտնել են ՀՀ կառավարութեանը: Ռոբերտ Բեգլարեանը նշեց, որ որքանով ինքն է տեղեակ, Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը համապատասխան շփումներ ունեցել է, տեղեկութիւններ փոխանցելով, որոշակի վերաբերմունք մեղմելով՝ փոխանցել է ՀՀ կառավարութեան դիրքորոշումն այս հարցի վերաբերեալ:

«Շատ կարեւոր է երկու երկրների յարաբերութիւնների պահպանումը: Թել Աւիւում դեսպանութիւն ունենալու հարցը Իրանի համար շատ զգայուն է: Մենք՝ իրանահայերս եւ Իրանի քաղաքական կեանքին մօտ մարդիկ, գիտենք, թէ ինչ կարեւորութիւն ունեն Իրանն ու Հայաստանը միմեանց համար: Հաւանաբար, Հայաստանը պէտք է գտնի մի ձեւաչափ, որով պարզ դառնայ, թէ Իսրայէլի հետ յարաբերութիւններն ինչ մակարդակում պէտք է լինեն: Երկու երկրները, ելնելով իրենց անվտանգային շահերից, իրենց համար գերակայ խնդիրներից գուցէ պէտք է մի այլ համագործակցութիւն էլ ունենան: Դա արդէն իրենք պէտք է ճշտեն: Խնդիրն այն է, որ Իրանը պէտք է վստահ լինի, որ Հայաստանի կողմից Իսրայէլի հետ յարաբերութիւնների զարգացումը որեւիցէ սպառնալիք չի ստեղծի իր համար, ի մասնաւորի՝ հետախուզութեան, տեղեկատւական տեխնոլոգիաների տեսակէտից»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ ինչ կարող է լինել, եթէ ՀՀ կառավարութիւնը ընդառաջ չգնայ Իրանի յորդորին՝ վերանայել որոշումը, Ռոբերտ Բեգլարեանը դժւարացաւ պատասխանել: «Դժւար է ասել, գուցէ նման յայտարարութիւն արւել է ներքաղաքական իրավիճակից ելնելով: Ամէն դէպքում, պէտք է ընկալենք, որ Իսրայէլի ներկայութիւնը որեւէ տարածաշրջանում, կամ որեւէ երկրի հետ Իսրայէլի յարաբերութիւնները, որը կարող է առնչւել իր շահերի հետ, մշտապէս եղել է եւ կը մնայ Իրանի ուշադրութեան կենտրոնում: Այս հարցում Հայաստանը պէտք է կողմնորոշւի: Գիտեմ, որ Իրանն էլ միշտ փոխըմբռնումով է մօտեցել Հայաստանի տարածաշրջանային խնդիրներին, բայց այս թեման ունի իւրայատուկ զգայունութիւն. երկուստեք անկեղծ փոխյարաբերութիւնների մեկնաբանման դէպքում կարելի է ճիշտ հուն գտնել»,- ասաց նա:

Ռոբերտ Բեգլարեանը նաեւ նշեց, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնները չեն սահմանափակւում միայն մի քանի գործօններով. երկու երկրները գտնւում ենք բաւականին լուրջ տարածաշրջանների խաչմերուկում՝ Կովկաս եւ Միջին Արեւելք.

«Ես անձամբ երկու երկրների քաղաքական յարաբերութիւններից մինչ հիմա գոհ եմ եղել, բայց տնտեսականը փոքրիշատէ ազդեցութիւն է կրել քաղաքական որոշակի պայմաններից եւ վերապահումներ է ունեցել: Բացի էներգետիկ ոլորտից, տնտեսական շատ ճիւղերում երկու երկրների փոխյարաբերութիւնները կարիք ունեն շատ լուրջ վերադասաւորումների, վերակազմակերպման, նոր ռազմավարութեան: Ես յոյս ունեմ, որ Թել Աւիւում Երեւանի դեսպանութիւն ունենալու Հայաստանի որոշումը չի խանգարի այդ գործընթացին,- ասաց նա՝ յաւելելով,- չեմ կարող ասել՝ կամքի պակա՞ս է, թէ երկու երկրները սպասում են ինչ-որ այլ հարցեր լուծւեն, նոր անցնեն քայլերի: Դա մշտապէս եղել է: Հիմա կարծում եմ՝ ինչքան շուտ փարատւեն կասկածները, այնքան արագ կը զարգանան երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնները»:

 
Հռիփսիմէ Յովհաննիսեան


 

 Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

 

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ ԻԻՀ առողջապահութեան նախարարի տեղակալ Ասադի Լարին մայիսի 14-ին հանդիպել են միմեան հետ։

 

Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանութիւնից։

 

«Հանդիպման ընթացքում քննարկւել են իրանական կողմից բժշկական պարագաների եւ նիւթերի` Հայաստան առաքման եւ մի շարք այլ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:

 

Դեսպան Թումանեանն առաջարկել է ըստ անհրաժեշտութեան կազմակերպել երկու երկրների առողջապահութեան նախարարութիւնների պատասխանատուների եւ մասնագէտների միջեւ տեսակոնֆերանսներ, որի կապակցութեամբ փոխնախարար Ասադի Լարին յայտնել է իր պատրաստակամութիւնը»,- յայտնում են դեսպանութիւնից:

 

 Աղբիւր՝ www.iran.mfa.am

 

 

Մայիսի 13-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախագահ Դաւիթ Անանեանը տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայութեան ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցութեանը, այդ թւում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակէտին վերաբերող մի շարք հարցեր:

 

Կողմերը պայմանաւորւածութիւն են ձեռք բերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակէտի աշխատանքներում առկայ խոչընդոտները եւ հնարաւորինս կարճ ժամկէտում վերականգնել երկկողմ առեւտրաշրջանառութեան ծաւալների՝ նախահամաճարակային շրջանի մակարդակը:

 

 

Հաշւի առնելով կորոնավիրուս համաճարակի հետեւանքով զբօսաշրջութեան ոլորտում ստեղծւած սահմանափակումները, Սպահանի քաղաքապետարանը ծրագրել է վիրտուալ շրջագայութեան միջոցով ներկայացնել ստորագրւած համաձայնագրով Սպահանի հետ քոյր քաղաքների՝ այդ թւում Երեւանի զբօսաշրջութեան վայրերը:

 

Այս շրջագծում, 2020 թւականի ապրիլ ամսին, որը զուգադիպում է նաեւ Սպահանի եւ Երեւանի քոյր քաղաքներ հռչակւելու 20-ամեակին, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Սպահանի քաղաքապետարանի մշակութային, հասարակական եւ մարզական կազմակերպութեան համատեղ ծրագրի արդիւնքում, Իրանի զբօսաշրջութեան բնագաւառին առնչւող Telegram եւ Instagram սոցցանցերի միջոցով պարբերաբար ներկայացւում են Երեւանի հարուստ պատմա-մշակութային ժառանգութիւնը արտացոլող ֆոտոշարք եւ տեղեկանք, որին արդէն իսկ հետեւում են մեծ թւով իրանցի օգտատէրեր եւ օրէցօր աւելանում է այդ թիւը:

 

Յիշեցնենք, որ Երեւանի քաղխորհրդի եւ Սպահանի քաղաքապետարանի միջեւ 1995թ. մայիսի 5-ին ստորագրւել է համագործակցութեան համաձայնագիր: Այն ներառում է մշակոյթի, կրթութեան, տնտեսութեան, սպորտի եւ քաղաքների կառավարման, բազմաբնոյթ ցուցահանդէսների անցկացման բնագաւառները: Իսկ 2000թ. ապրիլի 27-ին Սպահանում ստորագրւել է Սպահանը եւ Երեւանը քոյր քաղաքներ հռչակելու համաձայնագիրը եւ շարունակւում է մշտական փոխգործակցութիւնը:

 

 Աղբիւր՝ www.yerkir.am

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:  

 

Նիկոլ Փաշինեանը զրոյցի սկզբում Իրանի նախագահին եւ ողջ ժողովրդին շնորհաւորել է Ռամադանի սուրբ տօնի կապակցութեամբ:

 

Զրուցակիցները տեղեկատւութիւն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերեալ իրենց երկրներում տիրող իրավիճակի եւ դրա դէմ պայքարի առումով ձեռնարկւող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցաւակցութիւն են յայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշւել է մարդկութեանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրութեան միասնական ջանքերի գործադրման եւ երկկողմ համագործակցութեան կարեւորութիւնը:

 

Կողմերը գոհունակութիւն են յայտնել, որ չնայած հաղորդակցութեան ոլորտում ժամանակաւոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առեւտրատնտեսական համագործակցութիւնը: Երկուստեք կարեւորւել է այդ ուղղութեամբ յետագայ քայլերի ձեռնարկումը:

 

Նիկոլ Փաշինեանը եւ Հասան Ռոհանին, մասնաւորապէս, ընդգծել են առեւտրատնտեսական համագործակցութեան նախաճգնաժամային ծաւալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամութիւնը՝ պահպանելով ստեղծւած իրավիճակով պարտադրւած սահմանափակումները:

 

 

 Աղբիւր՝ www.alikonline.ir

 

 

Անհրաժեշտութիւն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը ժամանակաւորապէս սահմանափակելու մասին որոշում։

Այս մասին ֆէյսբուքեան ուղիղ եթերում ասաց առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը։ Գրում է Tert.am-ը:

Նա նշեց, որ Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթեայ սահմանափակումը կերկարաձգւի մինչեւ 2020 թւականի մարտի 24-ը ներառեալ։

«Սահմանափակումը կը տարածւի նաեւ Իրանից Հայաստան եւ Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ»,-ասաց նա։

Նախարարը նաեւ նշեց, որ կորոնավիրուսով վարակւած մէկ հոգու վիճակը լաւ է, գանգատներ չունեն նաեւ «Գոլդեն Փելիս» հիւրանոցում մեկուսացւած քաղաքացիները։

 

 Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Պարզաբանում է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը՝ «Ալիք»-ի հարցերին պատասխանելով:

 

Հ.- Ի՞նչ քայլեր են կատարւում ՀՀ դեսպանութեան կողմից կորոնավիրուսի հետ կապւած վերջին իրադարձութիւններից յետոյ:

Պ.- Նախ ասեմ, որ Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծւած վիճակով եւ բոլորիս ցանկութիւնն է օր առաջ տեսնել այս համաճարակի յաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ եւ երջանիկ:

Ինչ վերաբերում է ՀՀ դեսպանութեանը, վերջին օրերին մշտական կապի մէջ ենք եղել ՀՀ եւ ԻԻՀ արտաքին գործերի, Առողջապահութեան նախարարութիւնների եւ այլ պետական մարմինների հետ՝ անհրաժեշտութեան դէպքում ապահովելով երկու կողմերի միջեւ ուղիղ հաղորդակցութիւն: Դեսպանութիւնում սահմանւած է մշտական հերթապահութիւն: Հրապարակւած են դեսպանութեան հետ կապ հաստատելու տւեալները: Մեզ դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատւութիւն եւ գործնական աջակցութիւն: Ստեղծւած է Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիների տեղեկատւական բազա, եւ վերջիններիս հետ հաստատւած է մշտական կապ: Անհրաժեշտութեան դէպքում աջակցութիւն է ցուցաբերւում նաեւ դեսպանութիւն դիմած ԻԻՀ քաղաքացիներին:

Այսպիսով, բարձրացւած բոլոր հարցերն արձանագրւում են եւ խնդիրներին տրւում են իրավիճակից բխող լուծումներ:

 

Հ.- Ի՞նչ կասէք ՀՀ կառավարութեան կողմից կորոնավիրուսի տարածման դէմ կանխարգելիչ քայլերի եւ կառավարութեան՝ «Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը ժամանակաւորապէս սահմանափակելու մասին» որոշման վերաբերեալ:

Պ.- Ինչպէս գիտէք, կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու եւ այդ ուղղութեամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցութեան համակարգման նպատակով ժամանակաւոր՝ երկշաբաթեայ սահմանափակումներ են մտցւել Հայաստան-Իրան օդային եւ ցամաքային սահմանով հաղորդակցութեան վրայ:

Համաձայն կառավարութեան որոշման՝ Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիները եւ Հայաստանում գտնւող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ:

ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացւի երկու թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակւում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպէս նաեւ ԻԻՀ քաղաքացիների վերադարձը՝ Իրան:

Ըստ կառավարութեան որոշման՝ իրականացւում են Իրանից Հայաստան աւտոտրանսպորտային բեռնափոխադրումները՝ համապատասխան սանիտարական վերահսկողութեան պայմաններում:

Հաղորդակցութեան սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ եւ ԻԻՀ պաշտօնական պատւիրակութիւններին, դիւանագէտներին եւ նրանց ընտանիքի անդամներին:


Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանում եւ Իրանում տւեալ հիւանդութեան տարածման դէմ իրականացւող պայքարը:

Պ.- Հայաստանում այս խնդրով զբաղւող կառավարական յանձնաժողովն ստեղծւել էր Չինաստանում սկիզբ առած համաճարակից յետոյ, որը յաջողութեամբ շարունակում է գործել:

Ինչ վերաբերում է Իրանին, ես կարծում եմ՝ այս ուղղութեամբ մեծ աշխատանք է իրականացւում եւ դրա արդիւնաւէտութիւնը երաշխաւորւում է ոչ միայն այս օրերին իրականացւող կանխարգելիչ եւ բուժական մեծ ծաւալի գործունէութեամբ, այլեւ Իրանի առողջապահական համակարգի մասնագիտական, կազմակերպական եւ տեխնիկական բարձր մակարդակով:

Շատ յուսադրող է նաեւ փետրւարի 25-ին ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի հնչեցրած յայտարարութիւնն ԻԻՀ Առողջապահութեան նախարարութեան համաճարակային դրական զեկոյցի մասին:

 


Հ.- Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպում Ձեր աշխատանքներում:

Պ.- Թէեւ ստեղծւած վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն ե´ւ պետական մարմինների, ե´ւ քաղաքացիների հետ յարաբերութիւններում առկայ է ՀՀ դեսպանութեան հետ համագործակցութեան մեծ պատրաստակամութիւն:

Իհարկէ կան նաեւ խոչընդոտներ: Որպէս խանգարող գործօն՝ կարող եմ նշել հասարակութեան մէջ տարածւող տարատեսակ լուրերը հիւանդութեան տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզւած եմ աւելի շատ կապւած է ապատեղեկատւութեան եւ երբեմն էլ ասեկոսէների հետ: Իմ կարծիքով այսպիսի դէպքերում ամենավնասակար ազդեցութիւնը կարող է ունենալ խուճապը, որը պէտք է հիմնովին բացառել:

Ի դէպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացւող պաշտօնական տեղեկատւութիւնը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառոյցների հետ:


Հ.- Ո՞րն է Ձեր ուղերձը մեր ընթերցողներին:

Պ.- Չլինելով այս ոլորտի մասնագէտ՝ կարծում եմ, որ ամենակարեւորը կազմակերպւածութիւնն է, ընտանիքում, աշխատանքի մէջ եւ հանրային վայրերում անձնական հիգիենայի կանոնների պահպանութիւնը, մասնագէտների խորհուրդներին հետեւելը:

Անձամբ ես եւ դեսպանութեան անձնակազմը լաւատես ենք եւ վստահ, որ բոլորիս համատեղ ջանքերով այս փորձութիւնը յաջողութեամբ կը յաղթահարւի:

 

 Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում մասնաւորապէս ասւում է, որ կառավարութիւնը արտահերթ հեռակայ որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը 2 շաբաթով դադարեցնելու մասին:

«Սիրելի հայրենակիցներ,

Հիմնւելով ՀՀ Պետական սահմանի մասին օրէնքի 16-րդ յօդւածի վրայ, որը վերաբերում է վարակիչ հիւանդութիւնների տարածման սպառնալիքի դէպքում պետական սահմանով հաղորդակցութեան ժամանակաւոր դադարեցմանը, կառավարութեանը արտահերթ հեռակայ որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնաւորապէս, կը դադարեցւի Իրան-Հայաստան օդային հաղորդակցութիւնը ու Մեղրիի սահմանային անցակէտով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առաւօտեան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող յանձնաժողովի նիստը, որի ընթացքում կը քննարկենք մեր հետագայ քայլերը, հաւանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս յանձնաժողովը, ի դէպ, գործում է յունւարի 31-ից։

Ամէն դէպքում՝ յարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրութիւններ տարածելու ոչ մի հիմք չկայ: Նման գործողութիւնները բոլոր դէպքերում վնասակար են»,- գրել է վարչապետը։

 

 Աղբիւր՝ www.yerkir.am

 

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը, հաշւի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապւած իրավիճակը և վարակի հնարաւոր տարածման վտանգը, յորդորում է ԻԻՀ տարածքում գտնւող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանութեան հետ և տեղեկութիւն տրամադրել գտնւելու վայրի վերաբերեալ: Այս մասին յայտնում է ԻԻՀ-ում Հայսատանի դեսպանութիւնը:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջին և էլեկտրոնային փոստին:

հեռախօսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,

բջջային հեռախօսահամար՝ +989121051639

Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

 

Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում գրանցւած ուժեղ երկրաշարժից  յետոյ ԱԻ նախարար

Թեհրանի պետական բժշկական համալսարանի (ԹՊԲՀ) խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ

Արմենիա Էյրվէյզ աւիաընկերութիւնը յունիսի 15-ից սկսում է Երեւան-Թեհրան-Երեւան կանոնաւոր չւերթները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութիւնը մարդասիրական օգնութիւն ուղարկեց Իրանի Իսլամական